Ինչպես և ակնկալվում էր, Լիբանանի քաղաքական ուժերի շրջանում օգոտոսոի 10-ին կառավարության հրաժարականից հետո, դեռևս միակարծություն չկա նոր կառավարության ձևավորման հարցում, ինչը այս օրերին խիստ խնդրահարույց է մի պետության համար, որտեղ անկայուն քաղաքական կյանքը ուղեկցվում է աղետի պատճառած ծանր հետևանքներով:
Նույնիսկ աղետի համատեքստում, լիբանանյան քաղաքական ուժերը այսօր չեն կարողանում հանգել միասնական կառավարության ձևավորմանը:
Նախ շիայական ազդեցիկ Հեզբոլլահ խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը շարունակաբար հանդես է գալիս ազգային միասնության կառավարության ձևավորման օգտին՝ նշելով, որ «չեզոք» կառավարության ձևավորումը «ժամանակի կորուստ» է Լիբանանի նման երկրում, որտեղ իշխանությունն ու ազդեցությունը բաշխվում են կրոնական խմբերի միջև։
Այնուհետև, ի տարբերություն Հեզբոլլահի ( իսլամիստական քաղաքական կուսակցություն և ռազմական կազմակերպություն, որը արևմուտքի շատ երկրների կողմից ճանաչվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն) քրիստոնեական կրոնական և քաղաքական առաջնորդները հանդես են գալիս չեզոք կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին։
Այդուհանդերձ, ակնհայտ է դառնում, որ լիբանանյան քաղաքական ուժերը դեռևս պատրաստ չեն քաղաքական համակարգի արմատական փոփոխությունների գնալ, ինչը այս պահին ցուցարարների գլխավոր պահանջն է։ Տվյալ դեպքում նաև հարկ է հաշվի առնել,որ նախորդ կառավարության նմանությամբ հերթական կառավարության ձևավորումը չի կարող բերել աղետի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանը:
Այս համատեքստում առավել հավանական է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում լիբանանյան քաղաքական հիմնական դերակատարների անմիջական ներգրավմամբ կձևավորվի մի կառավարություն, որը կփորձի հավասարակշռություն մտցնել երկրի ներքաղաքական կյանքում, ինչպես նաև հասնել արտաքին օգնության ծավալների մեծացմանը՝ հանգելով նաև տնտեսական վիճակի կայունացմանը:
Այնուամենայնիվ պետք է նաև արձանագրել, որ այս պահին Լիբանանը բավականին խոցելի է դարձել, իսկ առանց այդ էլ խարխլված քաղաքական և տնտեսական կյանքի ապակայունացման փորձերը թե ներքին քաղաքական ուժերի, թե արտաքին աշխարհի առանձին դերակատարների կողմից կարող է կործանարար դառնալ «Մերձավոր Արևելքի մարգարտի» համար:
Հեղինե Մկրտչյան
