Ազգային և միջազգային հարաբերություններում պետության դերի նշանավորման կամ բրենդինգի հարցերը հանրային քաղաքականության կարևոր բաղադրիչներն են: Յուրաքանչյուր պետությունում փափուկ ուժի ամբողջական դիտարկման համար, անհրաժեշտ է բացահայտել, թե այն ինչ ռեսուրսների վրա է հիմնվում: Ջոզեֆ Նայն իր հայեցակարգում անդրադառնում է փափուկ ուժի ռեսուրսներին և առանձնացնում միջազգային հարաբերությունների ոլորտում պետության փափուկ ուժի 3 հիմնական բաղադրիչի.
1) մշակույթը (երբ այն գրավիչ է մյուսների համար), 2) քաղաքական արժեքները կամ գաղափարախոսությունը (երբ դրանք գործում են և՛ երկրի ներսում, և՛ նրա սահմաններից դուրս), 3) արտաքին քաղաքականությունը (երբ այն դիտվում է լեգիտիմ և ունի բարոյական նկարագիր)։
Հատկանշական է, որ եթե առաջին երկու բաղադրիչները դիտվում են որպես ազգային ժառանգության մաս, ապա երրորդը՝ արտաքին քաղաքականությունը, առավել սուբյեկտիվ է և մեծապես պայմանավորված է իշխանության որակներով: Փափուկ ուժի դասական օրինակ է կանացիությունը, կանացի գրավչությունը։ Պատահական չէ, որ մասնագիտական գրականությունում փափուկ ուժի դիվանագիտությունը ներկայացվում է նաև համոզմունքների, գրավչության դիվանագիտություն՝ ստանալով «գրավիչ ուժ» (Attractive power) սահմանումը: Ուստի, փափուկ ուժը տվյալ պետության կողմից առանց բռնության կամ ճնշման, գործընկերների կամավոր մասնակցության ապահովմամբ, դրված նպատակին հասնելու ունակությունն է։ Պետության գրավչության մեծացումը թիրախ երկրների համար ինքնանպատակ չէ: Փափուկ ուժը արտաքին քաղաքականության բարդ և բազմամակարդակ բաղադրիչ է, որը պետություններին և միջազգային հարաբերությունների մյուս դերակատարներին հնարավորություն է տալիս լուծելու մարտավարական և ռազմավարական խնդիրներ՝ կիրառելով պաշտոնական և ոչ պաշտոնական լծակներ: Փափուկ ուժի իրացման պաշտոնական մեխանիզմը ենթադրում է արտաքին քաղաքականության և հանրային դիվանագիտության կողմից տվյալ ոլորտի կարգավորում (օրինակ՝ նախագահի աշխատակազմի, կառավարության աշխատակազմի, արտգործնախարարության, մշակույթի նախարարության և այլ գերատեսչությունների կողմից): Փափուկ ուժի կիրառման ոչ պաշտոնական մեխանիզմը հումանիտար ոլորտում արտաքին քաղաքականության խնդիրների լուծման ոչ ֆորմալ ուղիներն են (կինեմատոգրաֆիայի և ժամանակակից
զանգվածային մշակույթի այլ արտադրանքի արտահանում, սոցիալական ցանցերի ներգրավում, հասարակական կազմակերպությունների միջոցով քաղաքական ծրագրերի իրականացում և այլն): Թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մեխանիզմներով փափուկ ուժի իրացման գործընթացում առավելագույն արդյունավետության հասնելու համար ցանկալի է որդեգրել հստակ ռազմավարություն: Այդ ռազմավարություններն ուղղված են անվտանգ և արժեքահեն արտաքին միջավայրի ձևավորմանը, որն ապահովում է հավաքական գործողություններում լիդերի իմիջի ձևավորմումը։
Փափուկ ուժը ներգրավման և համոզման միջոցով նպատակներին հասնելու կարողություն է, որն շատ կարևոր է արտաքին քաղաքականության արդյունավետ վարման համար: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է երկրում հաստատել միջազգային կանոններ և հիմնվել այն ռեսուրսների վրա, որոնք երկիրը բնականաբար գրավիչ են դարձնում աշխարհում։ Այդպիսի ռեսուրսների թվին են դասվում հետևյալները.
➢ տնտեսությունը (հզոր, ճգնաժամերի նկատմամբ դիմացկուն և կայուն տնտեսական համակարգ, գրավիչ բիզնես մշակույթ, բիզնեսի սոցիալական պատասխանատվություն),
➢ երկրի ղեկավարի հեղինակությունը միջազգային հարաբերություններում, և երկրի ազդեցիկությունը միջազգային հարաբերություններում,
➢ պետական լեզվի տարածվածությունն աշխարհում,
➢ սպորտը (միջազգային նվաճումներ, միջազգային սպորտային միջոցառումների կազմակերպում),
➢ բնակչության կյանքի որակը, կյանքի տևողությունը և սոցիալական վճարների չափերը,
➢ երկրի շահերին համահունչ գործող ոչ պետական կառույցների (ազգային և միջազգային) առկայությունը,
➢ բնապահպանությունը (երկրի իմիջը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում),
➢ երկրի կրթական համակարգի հեղինակությունն աշխարհում,
➢ գիտությունը և նորագույն տեխնոլոգիաները (ժամանակակից նվաճումներ, գիտական հիմնարկությունների և ավանդույթների առկայություն),
➢ տուրիզմը (երկրի զբոսաշրջային գրավչություն, զբոսաշրջային զգալի հոսք),
➢ կրոնը (կրոնական արժեքների տարածում, կրոնական ընդհանրություններ),
➢ մյուս երկրների կողմից տվյալ երկրի իրավական, տնտեսական, կրթական, քաղաքական տարրերի փոխառմանն ուղղված ծրագրերը (օրինակ՝ աջակցություն բարեփոխումների իրականացման, օրենքների մշակման և մասնագետների վերապատրաստման գործընթացներին) և այլն:
Չնայած այն հանգամանքին, որ շատ հաճախ «Փափուկ ուժ»-ն ընկալվում է որպես մանիպուլյացիոն գործիք ցանկալի արդյունքներ գրանցելու համար, այնուամենայնիվ, այն ավելի նախընտրելի է որպես ազդեցության ընդլայնման միջոց, քան ազդեցության ավելի կոշտ մեթոդները։ «Փափուկ ուժ»-ը ենթադրում է ոչ միայն ներգործություն, այլև գրավչություն, ուստի իբրև ռեսուրս օգտագործում է այն ամենը, ինչ ներշնչում ու գրավում է ։ Այստեղ, կարևոր նաև դիտարկել , երկու դեպքում էլ նպատակները գրեթե նույնն են, սակայն վերջինս հասնելու ուղիներն են տարբեր։ Եթե «Կոշտ ուժ»-ը ստիպում ու պարտադրում է, ապա «Փափուկ ուժ»ի ազդեցությունը ձևավորվում է արտաքին քաղաքական ակցիաների մեխանիզմներով և առավել ընդգրկուն համագործակցությամբ՝ միասնական արժեքների հիմքի վրա։
Նյութի հեղինակ՝ Քրիստինե Նիկողոսյան
