Նորից տեղեկատվական պատերազմի մասին կամ փաստեր

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մեր զինվորները, սպաները, կամավորականները հերոսական պայքար են մղում թշնամու դեմ։ Տեղեկատվական դաշտում մեր գործերը վատ չեն։ Արևմտյան աշխարհում մեր փաստերն են՝ ժողովրդավարությունը, միջազգային ահաբեկչությունը և ցեղասպանության վտանգը։ Այդ ուղղությամբ հաջողությունները առկա են։

Ռուսաստանյան տեղեկատվական դաշտում վերլուծաբանների ու քաղաքագետների մեծ մասը մեր կողմից են, բայց հարցեր կան հակառակ թևից, որոնց անգամ նրանք չեն կարողանում պատասխանել և դա մեր գործունեության թերությունն է։ Հակառակ թևի փաստարկներից են՝

  • Հայաստանը էթնիկ միատարր պետություն է և իբր թե ռուսներ չեն ապրում։ Իրականում սկսած ռուսական կայսրության օրերից ռուսներ ավելի շատ ապրել են Թբիլիսիում, որովհետև այն եղել է Կովկասում Ռուսաստանի վարչական կենտրոնը և Բաքվում, որը եղել է կայսրության արդյունաբերական կենտրոնը։ Կայսրության օրոք Հայաստանում հիմնականում ապրել են ռուս հնադավանները։ Խորհրդային իշխանության օրոք բնակչության թվի աճին զուգընթաց Հայաստանում ռուսների թիվը ավելացել է, իսկ Ադրբեջանում և Վրաստանում՝ համեմատության մեջ նվազել։ Անկախությունից հետո 1991-1995 թթ․ պատերազմի, գործազրկության, <<մութ ու ցուրտ>> տարիների պատճառով երկրից արտագաղթող հայերի հետ, գաղթել են նաև ռուսների մեծ մասը։ Սա օբյեկտիվ պատճառով է տեղի ունեցել և որևէ խտրականություն դրա հիմքում չի եղել։ Բնականաբար, ռուսալեզու դպրոցների թիվն է պակասել։ Փաստորեն Ռուսաստանում մեր ընդդիմադիրները այս երկուսը օգտագործում են մեր դեմ՝ փորձելով ցույց տալ, թե իբր Հայաստանում ռուսների նկատմամբ խտրականություն կա, որը իրականությանը չի համապատասխանում։
  • Հակառակորդ վերլուծաբանները ասում են նաև, որ Հայաստանում իշխանության են եկել արևմտամետ ուժեր։ Գուցեև դա ճիշտ է, բայց իշխանության գալուց հետո, համենայն դեպս բարձրաստիճան պաշտոնյաները ոչ մի հրապարակային հայտարարություն չեն արել ընդդեմ ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության։

Սրանք իրողություններ են, որը ռուսական վերլուծական շրջանակներին պետք է հասցնեն մեր պատգամավորները և քաղաքագետները, թե՞ վերջիններս կարող են առաջ տանել միայն ծիածանագույն դրոշը և Ստամբուլի կոնվենցիան։

Խմբագրական կարծիք

Այլ Գրառումներ