Ուշադիր հետևելով հայկական քաղաքական գործիչների, քաղաքագետների արտահայտած մտքերին, Հայաստանի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, տնտեսական նպատակների և քաղաքականության մասին շատ հաճախ նկատվում են թերացումներ, նույնիսկ անգիտություն։
Այսօր կանդրադառնանք Հայաստանի աշխարհաքաղաքական դերին, առկա վտանգներին և դրանցից բխող հնարավոր քաղաքականությանը։
2020թ․ աշխարհը նման չէ 1980-ին, 2000-ին, նույնիսկ 2010թ-ի աշխարհին։ Սա ամենակարևորն է, որը կարծես չեն նկատում մեր քաղաքագետները։
Միաբևեռ աշխարհը ԱՄՆ- գլխավորությամբ սկսել է քայքայվել և աշխարհում առաջանում են ուժային նոր բևեռներ։ Դրանք են՝ ԱՄՆ-ի հետ միասին Ռուսաստանը և Չինաստանը։ ԱՄՆ-ը պահպանում է գլխավորի իր դիրքը, սակայն ոչ արդեն առաջվա պես վճռորոշ դեր ունի ։ ԱՄՆ-ը առաջվա պես ունի ամենամեծ տնտեսությունը, ամենահագեցած բանակը, մեծ դաշնակիցներ և ամենակարևորը՝ դոլար տպելու հաստոցը։ Բայց ԱՄՆ-ը խնդիր ունի պահպանել այն, ինչ ուներ 2010-2014 թթ, քանի որ ունեցածը պահելը միշտ ավելի դժվար է։ Ռուսաստանը չունի մեծ տնտեսություն, բայց ունի կործանարար ռազմական ուժ, ձգտում է վերականգնել իր նախկին հեղինակությունը, փորձում է ձևափոխել աշխարհում ավանդականը պահպանող գաղափարախոսություն՝ ի հակադարձ արևմտյան լիբերալիզմի։ Համեմատաբար փոքր, հումքային տնտեսությունը թվում է թերություն, բայց ունի նաև իր առավելությունը, քանի որ մյուս բևեռները չեն կարող լուրջ ազդել այդ տնտեսության վրա, իսկ պատերազմել Ռուսաստանի հետ անհնար է։
Չինաստանը ունի աշխարհում երկրորդ տնտեսությունը, հավաքական մարդկային ռեսուրսները, բայց մյուս երկուսի հետ համեմատած՝ թույլ ռազմական ուժեր։ Այդ պատճառով Չինաստանը, իր ազդեցությունը մեծացնում է տնտեսական ներթափանցման միջոցով և Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում մեծ հաջողությունների հասնելով։
Եվրամիությունը լուրջ տնտեսական միավոր է, սակայն բևեռ չէ, քանի որ միության երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է և այդ պատճառով ներկայացնում է ԱՄՆ բևեռի մի մասը։
Ելնելով վերոհիշյալից տեսնենք, թե ինչ վտանգներ, մարտահրավերներ կան Հայաստանի համար։
Մեր կարծիքով, աշխարհաքաղաքական իմաստով Հայաստանի համար ամենամեծ վտանգը թուրքական աշխարհի կենտրոնում գտնվելն է՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան, ույգուրներ։ Երեք բևեռները կխուսափեն միմյանց դեմ պատերազմելուց, բայց կարող են օգտագործել թուրքական գարունը։ Նախ ֆիքսենք, որ երեքն էլ չեն ցանկանա այդ աշխարհի միավորումը։ Բայց եթե այդ աշխարհում խառնաշփոթ մտցնելը, միասնության դրոշը բարձրացնելը ձեռնտու չէ Չինաստանին և Ռուսաստանին, ապա նույն պատճառով այն ձեռնտու է ԱՄՆ-ին։ Այդ դրոշը ձեռնտու չէ նաև Հայաստանին։ Ահա և առաջին կարևոր հետևությունը։
Աշխարհաքաղաքական իմաստով Հայաստանին ավելի դաշնակից են Ռուսաստանը և Չինաստանը, քան ԱՄՆ-ը։
Շարունակելի,
Հաջորդ նյութում կքննարկենք տարածաշրջանայիննպատակները և վտանգները։
Խմբագրական կարծիք։
