Իմ համոզմունքն է, որ մենք խորհրդարանական կառավարման համակարգը պետք է պահենք. ՀՀ վարչապետ

հեղինակ - Ազնիվ Գևորգյան

Առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարման համակարգի փոփոխության հնարավորությանը:

«Իմ տեսակետը կարող եմ հայտնել, որն ըմբռնում ունի նաև ՔՊ կուսակցության վարչությունում և ՔՊ խմբակցությունում: Իմ անձնական համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի: Իմ տեսակետների էվոլյուցիան դուք գիտեք. 2018 հեղափոխությունից հետո շատ էին փաստարկները, և շատ կային ուժեր, որոնք ինձ համոզում էին գնալ սահմանադրական փոփոխությունների և վերադառնալ կիսանախագահական կամ ընդհանրապես նախագահական համակարգի: Հասկանալի էր, որ 2018-ից հետո մեծ հավանականություն կար, որ դա կանցներ, և  նախագահական ընտրություններում ես կհաղթեի, բայց ես դեմ եմ արտահայտվել դրան մի նկատառումով՝ ասելով, որ նոր համակարգ է, և մենք պետք է հնարավորություն տանք. անընդհատ սահմանադրական փոփոխություններ անելը լավ բան չէ։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատ էին տեսակետները, որ քաղաքական համակարգն էր պատճառը մեր ձախողումների, և այն ժամանակ ես մտածում էի, որ, իրոք, գուցե պետք է լրջորեն այդ մասին մտածել, բայց հետագայում, երբ մենք, ըստ էության, ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարեցինք, և մեզ հաջողվեց լիարժեք ժողովրդավարության ցուցանիշներին համարժեք ընտրություններ անցկացնել, հետահայաց վերլուծելով հասկացա, որ եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք, մեծ էր հավանականությունը, որ շատ լուրջ ցնցումների միջով կանցնեինք, և ճգնաժամն ավելի կխորանար, ոչ թե կհաղթահարվեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց իր գնահատականը, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, ըստ էության, մեր պատմության մեջ, երբ ընտրությունները լուծեցին ներքաղաքական ճգնաժամը, բանավեճը, և ոչ թե ընդհակառակը՝ նոր ճգնաժամ հարուցելու պատճառ դարձան:

«Այնպես որ, իմ նախապատերազմական համոզմունքը շարունակում է ուժի մեջ մնալ, որ՝ ոչ, մենք կառավարման համակարգի փոփոխություններ չպետք է անենք։ Բայց քանի որ թեման կա, պետք է քննարկենք. ես չեմ ուզում, որ դա անձնական տեսակետների տիրույթում լինի։ Իմ համոզմունքն է, որ մենք խորհրդարանական կառավարման համակարգը պետք է պահենք»,- ասաց նա։

Այլ Գրառումներ