Նման հարուստ մշակույթ և պատմություն ունեցող երկիրը արժանի է, որ ունենա առանձին մշակույթի նախարարություն․ Ռուբեն Բաբասյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Նախարարությունների միացման  ճանապարհն անցել են շատ երկրներ, սակայն բոլորը մեկ կամ երկու տարի հետո եկել են այն եզրակացության, որ բոլոր դեպքերում ճիշտը տարբեր նախարարություններ ունենալն է. Tert.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ խոսելով մշակույթի, սպորտի, կրթության և գիտության նախարարությունների միացման գործընթացի և միացման հետևանքով առաջացած խնդիրների մասին:

Նա նշեց, որ Վրաստանում պառլամենտական ընտրություններից հետո նախարարությունները առանձնանալու են: Բազմաթիվ երկրներ են անցել միացման ճանապարհը, բայց հետո փորձել են գտնել ավելի ճիշտ ճանապարհ և նախարարությունները առանձնացել են:

Նրա խոսքով՝ Հայաստանում կրթության և մշակույթի ոլորտը բազմաթիվ բարեփոխումների կարիք ունի: Մշակույթի ոլորտում բարեփոխումներ չեն իրականցվել 30 տարի, խոսքը ոչ թե ֆինանսավորման մասին է, այլ բարեփոխումների և կազմակերպչական գործունեության:

«2002 թվականին ընդունվել է մշակութային օրենսդրության հիմունքները, վատ փաստաթուղթ չէր այդ օրենքը, բայց դրանք հիմունքներ էին և հետագայում պետք է շարունակվեին կոնկրետ օրենքի ձևով: Ցավոք սրտի, այդ փաստաթուղթը այդպես էլ մնաց փաստաթուղթ, իհարկե անցել է մոտ 20 տարի, և որոշակի բաներ պետք է խմբագրել, բայց այն հիմք է բարեփոխումները սկսելու համար: 30 տարի այս մասին խոսում եմ, հնարավոր չէ զարգացնել մշակույթը, եթե չունենք հովանավորչության և մեկենասության մասին համապատասխան օրենք: Բազմաթիվ երկրներում այդ օրենքը կա, այն  ենթադրում է որոշակի հարկային արտոնություններ, կամ պետական միջամտություն»,- ընդգծեց Ռուբեն Բաբայանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց՝ եթե նախարարությունները առանձնանան, մշակույթի նախարարության առջև պետք է դրվի հստակ խնդիր և նշվի կարճ ժամկետներ: Ինչպես նաև պետական մշակութային  հայեցակարգ կամ տեսլական ներկայացվի, և օրենքների մեջ կատարվի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան այդ հայեցակարգը իրագործել.

«Հաճախ խոսում ենք, որ պետք է օրենք թատրոնի մասին, ես դրա անհրաժեշտությունը չեմ տենում: Եթե այդ օրենքը պետք է լինի ոչ թե դեկլարատիվ, այլ  շատ գործնական, դա ենթադրում է, որ այդ օրենքը ընդունելուց հետո պետք է համապատասխան փոփոխություններ կատարվեն բազմաթիվ գործող օրենքներում և հարկային, և աշխատանքային օրենսդրության մեջ և այլն:

Դրա համար պետք է ոչ թե երկար ճանապարհով գնալ, այլ եթե կա հայեցակարգ, կարելի է այդ օրենքներով կատարել փոփոխություններ, և դրա համար հատուկ օրենք պետք չէ: Բազմաթիվ երկրներ, որտեղ ընդունված է նման օրենք, նրանք կրում են պարզապես բարի ցանկությունների մի փաստաթուղթ և, ինչպես մենք գիտենք, բարի ցանկություններով դժոխքի ճանապարհն է կառուցվում»:

Դիտարկմանը, թե  կարելի՞ է ենթադրել, որ նախարարությունների օպտիմալացման հետևանքով խնդիրներն ավելացել են, քան կային նախկինում, Ռուբեն Բաբայանը պատասխանեց, որ խնդիրները ոչ թե ավելացել են, այլ բարեփոխումների տեմպն է դանդաղել.

«Շատ մեծ ոլորտ է՝ սպորտ, կրթություն, մշակույթ, և դրանցով պետք է զբաղվեն առանձին կառույցներ: Ինչպես նաև այդ կառույցը պետք է ունենա անմիջական և ամենօրյա շփում երկրի ղեկավարի հետ, որպեսզի այդ հարցերի կարևորությունը մշտապես և անմիջական ձևով ներկայացվի, ոչ թե միջնորդված ձևով: Սա անձերի հարց չէ, ես  այստեղ տեսնում եմ կոնցեպտուալ հարց, հնարավոր չէ այսօր այս կառույցը պահել մի մեծ կառույցի մեջ: Ես կարծում եմ, որ նման հարուստ մշակույթ և  պատմություն ունեցող երկիրը արժանի է, որ ունենա առանձին  նախարարություն»:

Հարցին՝ արդյո՞ք նախարարության առանձնացման գաղափարին իր գործընկերները համակարծիք են, նա նշեց՝ կարծում է, այո, որովհետև շատերը դեռ սկզբում նախարարությունների միացման քայլը չէին ողջունում, չի հանդիպել մեկին, որն իր առաջարկությունը սխալ համարի. «Երբ նախարարությունները միավորվում էին, ես ասում էի՝ կապրենք, կտեսնենք, որովհետև լավագույն գնահատականը տալիս է ժամանակը»:

«Այստեղ որևէ դատապարտելու, մերժելու բան չկա. ժամանակը ցույց է տալիս, որ կա նախարարությունների առանձնացման անհրաժեշտություն, և այդ պարագայում պետք է պարզապես գործել, բայց չպետք է վերականգնվի նախկին ձևով, գլխավոր խնդիրները պետք է մշակույթի նախարարության առջև դրվի, միայն այդ ժամանակ կիմաստավորվի առանձնացումը: Իսկ եթե պետք է պարզապես վերականգնեն այնպես, ինչպես առաջ էր, լինի գերատեսչություն, որը ուղղակի գումարներ է բաժանում,  դա անիմաստ է: Կառույցը պետք է ստանա նոր բովանդակություն, և այդ ժամանակ մենք հույս կունենանք, և մենք  էլ  կաջակցենք մեր փորձով, որ մեր մշակույթը չունենա խոչընդոտ, որովհետև քիչ է ունենալ տաղանդավոր մարդիկ, պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ամենը նորմալ ձևով զարգանա, ստեղծվի նորը, մահանա՝ հինը»,- եզրափակեց խոսքը Ռուբեն Բաբայանը:

Աղբյուրը՝ tert.am

Այլ Գրառումներ