Բոլորիս Ալենը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Իսկ դու զգո՞ւմ ես մահվան շունչը» մարտական ընկերոջը հարցրել էր Ալենը

Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի 215 լսարանն այսուհետ կրում է Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերից Ալեն Մարգարյանի անունը:

Կազմակերպված ցերեկույթի ներկաները դիտեցին Ալենի մասնակցությամբ բեմադրության տեսագրությունը, որում նա գլխավոր հերոսիՙ Ջոնի դերում էր: Ջոնը վատառողջ երիտասարդ էր, ուներ սրտի խնդիր ու չնայած դրանՙ ամենից շատ ապրել էր ուզում, բայց հանուն սիրելիի պատրաստ էր զոհել կյանքը: Իրական կյանքում էլ Ալենը նույնն էրՙ շատ էր սիրում ապրել, բայց սիրելիինՙ հայրենիքին նվիրվեց անմնացորդ:

«Չհասցրեց ապրել հայ շնորհալի մարդու եւ ապագա արվեստագետի կյանքը: Այսօր հպարտությունն ու ցավը խառնվել են իրար»,- նշեց կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գեւորգ Թադեւոսյանն ու հույս հայտնեց, որ լսարանն Ալեն Մարգարյանի անունով կոչելը կլինի հայրենասիրության պատգամ իր ընկերների եւ գալիք սերունդների համար:

Նա նույնն էր թե՛ իր կերտած կերպարներում, թե՛ կյանքում: Կարծում էր, որ եթե ինքներս կյանքը չգունավորենք, այն ձանձրալի կլինի: Մարտական գործողությունների ընթացքում նա անմահացավ, բայց նրա մասին անցյալով խոսել դժվարանում են բոլոր նրան ճանաչողները:

Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարի եւ համանուն մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանն առաջին գիրքը նվիրեց Ալենի անվան լսարանին, որ ամեն ընթերցող եւս մեկ անգամ անուն առ անուն ճանաչի ազգի նվիրյալներին:

«Ես ուզում եմ իմ գրչով ապացուցել, որ հայրենիքից քաղցր ու անուշ ոչնինչ չկա: Երբ Արցախյան առաջին պատերազմում կորցրի որդուսՙ Աշոտ Չախոյանին, հասկացաՙ նա ծնվել էր միայն բարիք ստեղծելու համար. նա եւ հազարավոր հայորդիներ դա ապացուցեցին ինքնանվիրումով եւ ինքայրումով ապրած կյանքով: Ես չէի սխալվում, երբ համոզված էիՙ այս սերունդը կկրկնի 90-ականների սխրանքները»,- ասաց Գոհար Մարտիկյանն եւ ավելացրեց, որ հայն այսօր էլ չի կորցրել իր ապրելու բանաձեւը, պետք է հայրենիքում մնալով ու հազարավոր տղաների սխրանքից օրինակ վերցնելով փակել չարի ճանապարհը. «Հանուն նրանց պետք է ապրենք. նրանք էլ ապրողների շարքում են»:

Ալենի կուրսի ղեկավար դոցենտ Հերբերտ Գասպարյանը մտաբերում է նրա ուսումնառության տարիներն ու վստահեցնում, որ Ալենը նման չէր ոչ մեկին, նա զարմանալի ճշտապահ ու կազմակերպված ուսանող էր, որ լսարան մտնելիս իր հետ կարծես լույս էր բերում:

«Համատեղ աշխատանքի ընթացքում ստեղծում էր մի զարմանալի մթնոլորտ, որը կարող ենք կոչել երանելի ստեղծագործական, հաճախ կրկնելով, որ ինքը գիտությամբ պետք է գրավի աշխարհը: Հուսով եմ նա օրինակ կլինի լսարան մտնող յուրաքանչյուր ուսանողի համար»,- նշեց Հերբերտ Գասպարյանը:

Լսարանի բացմանը ներկա էին նաեւ Ալեն Մարգարյանի ընտանիքի անդամները, մտերիմները, կուրսընկերներն ու դասախոսները:

Ալենի մայրըՙ տիկին Նազելին վստահեցրեց, որ որդու մասին խոսելիս օբյեկտիվ է, փոխանցում է միայն հավաքական այն պատկերը, որը ստեղծել են նրան ճանաչողները:

«Թվում էՙ ասելիքը խղճուկ է, երբ գիտակցում եմ, որ խոսքը Ալեն Մարգարյան երիտասարդի մասին է: Միայն ընտրյալ եւ բացառիկ ծնունդը կարող է իր ապրած ընդամենը 21 տարվա ընթացքում արձանագրել նման հաջողություններ, ձեւավորել մի արժեհամակարգ, որի մեջ ոչ մի տեղ չկա վատի համար, լինել մաքրամաքուր, վեհագույն, տիեզերական լույսով: Նրանում տեղ էին գտել պարկեշտությունն ու ազնվությունը, բացառիկ նվիրումը շրջապատի, ընկերների, հարազատների եւ մարդ արարածի համար»,-որդու մասին պատմում է Նազելի Տերտերյանը:

«Ո՞րն է աշխարհը փոխելու քո ծրագիրը». սա էր հարցերի հարցը, որը սահմանել էր Ալենն իր համար եւ որդեգրել սկզբունքներ, որոնցով փոխելու էր այն:

Մայրը հպարտությամբ է հիշումՙ Ալենը չէր սիրում, երբ իրեն գովում էին. չհասկանալով իր եզակիությունըՙ կարծում էր այդպիսին պետք է լինեն բոլորը: «Նա կարծում էր, որ ամեն մարդ առաքելություն ու կոչում ունի եւ գտնում էր, որ իր կոչումը կրթելն էր. այդ էր պատճառը, որ ընդունվեց Մանկավարժական համալսարան եւ բացառության սզբունքովՙ զուգահեռ նաեւ դասավանդում էր Թումո կենտրոնում»,- նշեց տիկին Նազելին ու խոստովանեցՙ դժվար եւ պատասխանատու կոչում է լինել Ալենի մայրը. 21-ամյա երիտասարդն իր ապրած կյանքով կարծես տասնապատկել է ժամանակըՙ փոխանցելով միջակությունը չհանդուրժելու, ամենուր բարձունքում եւ առաջին հերթին ինքն իր հանդեպ քննադատ լինելու սեփական պատգամները: Այս պատերազմը չէ, որ պետք է բացահայտեր Ալեն հերոսին…

Նազելի Տերտերյանը շնորհակալություն հայտնեց որդուն արժեւորելու համար եւ հույս հայտնեց, որ լսարան մտնող յուրաքանչյուր ուսանող կունենա նույն համոզմունքըՙ Հայաստան աշխարհը պետք է գրավել գիտությամբ, կրթությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ինՙ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանում տեղի կունենա «Բոլորիս Ալենը» գրքի շնորհանդեսըՙ Ալենի ընկերների եւ ընտանիքի նախաձեռնությամբ:

«Դու զգո՞ւմ ես մահվան շունչը»,- հարցրել էր մարտական ընկերոջը. ինքը զգացել էր ու շարունակել մնալ բարձունքում, որովհետեւ հաճախ էր կրկնումՙ մենք ոչինչ ենք առանց սիրո, այդ թվումՙ հայրենիքի հանդեպ:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, Ուսանող

Այլ Գրառումներ