Պոստ ֆակտում, տարատեսակ ինչ-որ փաստաթղթերի, նամակների, խիստ «գաղտնի» փաստաթղթերի հրապարակում որևէ արժեք, բովանդակություն չունեն՝ բացի քարոզչական բնույթից։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Աղասի Մարգարյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին։ Նա նկատեց, որ ԱԽ-ն հրապարակած փաստաթուղթը որակել է աշխատանքային, այլ ոչ թե հույժ գաղտնի։
«Եթե գաղտնի փաստաթուղթ է, ի՞նչ գործ ուներ ՀՀ իրավապահ մարմինների որոնումից թաքնվող քաղաքացու մոտ։ Ինչ վերաբերում է փաստաթղթում առկա բովանդակությանը, ապա դա աշխատանքային փաստաթուղթ էր, զուտ շտաբային զորավարժությունների քննարկումներ։ Տեղի է ունեցել պատերազմ, այդ պատերազմին հաջորդել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հետևանքներին բոլորս հաղորդակից ենք, իսկ այս պայմաններում մեջբերել թղթեր, փաստաթղթեր ու գաղափարներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ այն ամենի վրա, ինչ կատարվեց սեպտեմբերի 27-ից հետո, նախ միամտություն է, ինչպես նաև բացի քարոզչական նպատակներից՝ որևէ այլ արժեք չունի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի՝ Արցախի պատերազմին միջամտելուն, Մարգարյանը հիշեցրեց, որ այս մասին հայտարարություն է արել թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՛ ՀԱՊԿ-ը։ Աղասի Մարգարյանը նշեց, որ բոլոր կողմերն էլ ասել են, որ ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն կմիջամտեն ՀՀ տարածքային ամբողջականության վրա հարձակման դեպքում։
«Եթե մենք նայում ենք զուտ իրավունքի տեսանկյունից, ապա իրավունք չուներ ՀԱՊԿ-ը միջամտելու, որովհետև փաստացի պատերազմական գործողություններն ընթանում էին ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ իր ինքնորշման համար պայքարող Արցախի Հանրապետության միջև։ Այս նորմով Արցախի Հանրապետությունը որևէ կերպ չէր կարող ՀՀ-ի հետ մեկտեղ ՀԱՊԿ-ի մաս համարվել։ Այստեղ ամեն ինչ շատ հստակ ու պարզ է, և հեծանիվներ հորինելու մտայնությունները զուտ քարոզչական բնույթ են կրում։ Ցավոք, մեր իրականությունն այն է, որ ամեն ինչ ներկայացվում է քարոզչության ֆոնին՝ զարկ են տալիս հատկապես հակաիշխանական քարոզչությանը»,- ընդգծեց Աղասի Մարգարյանը։
Քաղաքագետը համակարծիք չէ այն անձանց հետ, թե ՀԱՊԿ-ը, բացի ռազմական միջամտությունից, կարող էր նաև այլ աջակցություն ցուցաբերել։ Նա արձանագրեց, որ եթե խոսքը բարոյական կամ հայտարարությունների մակարդակով աջակցության մասին է, ապա ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլև աշխարհի մի շարք երկրներ թե՛ բարոյական, թե՛ հումանիտար աջակցություն են ցուցաբերել, ինչը պատերազմի ելքի վրա, բնականաբար, չի ազդել։
Խոսելով զինտեխնիկայի տրամադրման տեսքով աջակցության մասին՝ Աղասի Մարգարյանը շեշտեց․ «ՀՀ-ն պատերազմի օրերին ու առաջ ՀԱՊԿ պետություններից՝ մասնավորապես ՌԴ-ից, զենքը շարունակել է ձեռք բերել ՀԱՊԿ-ի ներքին գներով, իսկ սա ՀԱՊԿ առավելություններից մեկն է։ Այս տեսանկյունից ասել, որ ՀԱՊԿ-ը որևէ բան չի արել, ճիշտ չի լինի»։
Միևնույն ժամանակ Աղասի Մարգարյանն անհիմն համարեց պնդումները, թե ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին աջակցության համար։ Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե այսօր ինչ նամակներ կհրապարակվեն, ինչ աշխատանքային, «գաղտնի», «կիսագաղտնի» տեքստեր շրջանառության մեջ կդրվեն, միևնույնն է, փաստ է, որ ՀԱՊԿ-ը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել միջամտնելու, ինչը չի արել։
«Նշվում է, որ ՀՀ կողմից դիմում չի եղել և այլն, սակայն պայմանագրի կետերում կան մի քանի սահմանումեր, ըստ որոնց, երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում անմիջապես ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ-ի կողմից աջակցության ստանալու դրույթը։ Վերջապես եկեք ինքներս մեզ չխաբենք, քանի որ հստակ է, որ ՀԱՊԿ-ի 70 տոկոսը ՌԴ-ն է, իսկ ՌԴ-ին ամենաբարձր ղեկավարության մակարդակով թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի կերպով դիմել են։ Պատասխանն այն է եղել, որ ՀՀ սահմանների ներսում բախում չկա, ֆորմալ առումով ՀՀ-ն ներքաշված չէ պատերազմում, հետևաբար, ինքը ձեռնպահ կմնա ուղիղ ռազմական միջամտությունից։ Նման հրապարակումները նպատակ ունեն ցույց տալ, թե ՀՀ իշխանություններն ամեն ինչ չեն արել կամ ի զորու չէին ինչ-որ բան անելու պատերազմի օրերին կամ հիմա։ Չեմ ցանկանում սրանով պաշտպանել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, որովետև նրանք ունեցել են իրենց բացերն ու թերություններն ինչպես պատերազմի օրերին, այդպես էլ անցած 15-20 տարվա ընթացքում, բայց ՀԱՊԿ-ի նշանակությունն այդքան կարևորել, ուռճացնելն էլ իմաստ չունի»,- եզրափակեց Աղասի Մարգարյանը։
