Սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո, մեր հայրենակիցներից շատերին հետաքրքրում է Հայաստանի ապագան: Նրանցից շատերը դեռ տրավմայի մեջ են, շատերը շփոթված են, իսկ մի զգալի մաս էլ անորոշության մեջ է: Բոլորին հետաքրքրում է մի հարց. ի՞նչ է լինելու:Այս հարցի պատասխանը ստանալու համար ես խորհուրդ կտամ իմ հայրենակիցներին կարդալ Իսրայելի պատմությունը՝ 1973 թ. «Յոմ Քիպուրի» (Քիպուրի օրվա) պատերազմից հետո, քանի որ վստահ եմ, որ Հայաստանի հետ լինելու է այն, ինչ եղավ Իսրայելի հետ նշված թվականից հետո: Նշեմ որոշ մանրամասներ, իսկ ընթերցանության հաճույքը թողնեմ մեր հայրենակիցներին: Իսրայելը մեծ զոհերի գնով հաղթեց Եգիպտոսին և Սիրային, սակայն հաջորդ տարի Գոլդա Մեյիրի կառավարությունը հրաժարական տվեց և տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Անվտանգության նկատառումներով 1979 թ. վարչապետ Մենախիմ Բեգինը ստորագրեց Խաղաղության պայմանագիր Եգիպտոսի հետ, վերադարձնելով Սինայի թերակղզին, որի տարածքը ներկայիս Իսրայելից մեծ է գրեթե երկու անգամ: Մեր պարգայում Ադրբեջանին վերադարձվեց երեք շրջանները: Հայաստանում ևս նոր կառավարությունը կսկսի վարել հաշտեցման բանակցություններ, որն ի վերջո կբերի խաղաղության պայմանագրի ստորագրման: 1994 թ. վարչապետ Իցխակ Ռաբինը ստորագրվեց Խաղաղության պայմանագիր Հորդանանի հետ: Հայաստանը ևս կսկսի բանակցություններ Թուրքիայի հետ, սակայն հնարավոր չէ կանխատեսել այդ բանակցությունների ելքը: Այս քաղաքական գործընթացներից հետո Իսրայելում արձանագրվեց տնտեսության զարգացում՝ ռազմարդունաբերության, բարձր տեխնոլոգիաների, իսկ վերջերս՝ նաև ստարտափերի օգնությամբ: Հայաստանի տնտեսական զարգացումը ևս կլինի այս ոլորտներում:Իսրայելը իր ժողովրդագրական մարտահրավերը լուծեց մեծ ներգաղթ կազմակերպելով, հիմնականում Խորհրդային Միության փլուզման տարիներին, ավելի քան մեկ միլիոն հրեա հայրենադարձելով Իսրայել: Հայաստանը ևս կկազմակերպի մեծ հայրենադարձություն՝ դիմագրավելու համար ժողովրդագրական աղետը:Վերոնշյալները այն կարևոր կետերն են, որոնք Հայաստանը կանի առաջիկային: Ու եթե Իսրայելին հաջողվեց դա անել մոտ 50 տարում, ապա Հայաստանը այն կիրագործի 10-15 տարում: Կարծում եմ պատահական չէր, որ մեր ռազմական դաշնակից Ռուսաստանը Կոստանտին Զատուլինի բերնով հայտարարեց, որ ուզում է Հայաստանին տեսնել որպես Կովկասի Իսրայել: Նրանք վստահ են, որ հայ ժողովուրդն ունի այդ ներուժը: Գոյատևելու համար՝ Հայաստանը պարզապես դատապարտված է դառնալու տարածաշրջանի կարևոր խաղացող:
Կորյուն Հովնան Բաղդասարյան
