Տարեվերջյան մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը, նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագրին ու Հադրութի շրջանում տեղի ունեցող զարգացումներին։ «Հայկական և ադրբեջանական ուժերը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը»,- հայտարարել է նա։
ՌԴ նախագահ Պուտինը նաև հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսքի տեր մարդ է և իր երկրի շահերի համար կգնա մինչև վերջ։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։
– Պարոն Շիրինյան, երբ ՌԴ ղեկավարն ասում է, որ Թուրքիայի նախագահն իր երկրի շահերի համար կգնա մինչև վերջ, մենք ի՞նչ վտանգներ կարող ենք սպասել Հայաստանի համար։
– Գործ ունենք ռուս-թուրքական հերթական համագործակցության հետ, որտեղ Հայաստանը մանրադրամ է։ Իրենք համագործակցում են՝ մենք կիսվում։ 1920 թվականին գործ ունեինք բոլշևիկների հետ, հիմա՝ հայ նեոբոլշևիկների։ Մնացածը մանր-մունր խոսակցություններ են։ Ռուսաստանը պարտավոր է գոնե իր ասածները կատարել, դաշնակցային պարտավորություններն իրագործել, բայց մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում։
– Նա նշում է, որ կողմերը կանգ են առել նոյեմբերի 9-ի կետում։
– Հայկական կողմը կանգ է առել, իսկ ռուսներին, որպես միջնորդի, բանի տեղ չեն դրել, խախտել են հենց ռուսների պայմանը։ Կա՛մ ինքը դրա հետ համաձայն է ու գործարքի մեջ է, կա՛մ թուրքերի համար ռուսները որպես միջնորդ ոչինչ են։ Եթե Ռուսաստանն ի վիճակի չէ կատարել իր խոստումը, թող վերազինի հայկական բանակը։ Ընդհանրապես Ռուսաստանը պարտավոր է վերազինելՀայաստանի բանակը։ Ես առաջարկում եմ, որ Ռուսաստանն այդպես վարվի, եթե իսկապես պահպանում է հայության շահերը։ Այն ռուսահայերն էլ, որոնք գիշեր-ցերեկ Հայաստանի իշխանության դեմ դավեր են նյութում, թող կպնեն այդ գործին։ Ռուսաստանի օգնությամբ թող վերազինվի Արցախի Պաշտպանության բանակը։
– Ինչո՞ւ, մենք չե՞նք կարող ռուս խաղաղապահների վրա հույս դնել։
– 40 տարի է՝ ռուսների վրա հույս ենք դնում ու ի՞նչ ենք ստանում։ Մենք հույսներս մեզ վրա պետք է դնենք։ Ես առիթն օգտագործելով ասում եմ՝ եթե ի վիճակի չեք, Արցախի Պաշտպանության բանակը վերազինեք, մենք ձեզ էլ կպաշտպանենք։
– ՌԴ նախագահը հայտարարեց նաև , որ միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։
– Դա իրենք միշտ են ասել, միջազգային հանրություն կոչվածը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելի վատ՝ դա ճանաչել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Հիմա էլ պատերազմ արեցին ու այդ հարցը լուծեցին։ Պուտինը ճանաչում է, թուրքերը ճանաչում են, հայ ժողովուրդն էլ մնում է մենակ իր շահերի հետ։ Որպես խաղաղապահ մտել ես իբրև Ադրբեջանի տարածք հայկական պատրվակով, բա ինչո՞ւ չես պաշտպանում հայերին, ուրեմն վերազինիր։
