Մարդիկ միամտաբար կարծում են, թե մշակույթն ինչ-որ նեղ ոլորտ է՝ սահմանափակված միայն սիմֆոնիաներով, կտավներով ու գեղարվեստական գրականությամբ: Չէ՛ ընկերներ, մշակույթը շատ ավելի լայն հասկացություն է և իր մեջ է ներառում կյանքի բացառապես բոլոր ոլորտները, իսկ սիմֆոնիաներն ու կտավներն ընդամենը դրա փոքրիկ դրսևորումներն են:
Այսինքն՝ մշակույթը կացութաձևի անբաժանելի բաղադրիչն է, իսկ մենք չգիտես ինչու կեցությունն ու մշակույթը տարանջատում ենք իրարից: Արդյունքում կյանքն ու մշակույթի մասին մեր պատկերացումները չեն համապատասխանում իրար: Մենք համոզված ենք, թե Հայկական մշակույթ կոչվածը վերբնական ու անհասանելի ինչ-որ տիրույթ է, անքննելի է ու անպայման գտնվում է անցյալում:
Գաղափարական այս մտայնության պայմաններում մենք հիվանդագին կերպով անընդհատ փորձում ենք ինչ-որ մեռած արժեքներ վերստեղծել, անցյալից բերել ներկա, պահպանել ու փրկել: Ու այս ճանապարհին չգիտես ինչու չհիմնավորված վախեր ենք զգում, իբրև թե ինչ-որ մեկն անպայման փորձում է ոչնչացնել Հայկական մշակույթը, հատկապես՝ ինչ-որ մեկը:
Ասվածի համատեքստում չափազանց հետաքրքիր պատկեր է ուրվագծվում: Հայկական մշակույթն այդպես էլ ո՛չ վերստեղծվում է, և ո՛չ էլ նորն է ստեղծվում: Բայց ինչպե՞ս պետք է մշակույթը ստեղծվի, եթե մենք մշակույթին վերաբերվում ենք ինչպես հանգուցյալի: Նրա մասին խոսում ենք անցյալով ու փորձում ենք անընդհատ պահպանել դրա մասին բարի հիշողությունը՝ հանգուցյալի ետևից կամ լավը կամ ոչինչ սկզբունքով:
Փաստորեն՝ մեր պատկերացրած մշակույթն ու հայաստանցին իրար հետ որևէ օրգանական կապ չունեն, առաջինը սուրբ կով է, իսկ երկրորդը ռաբիս երաժշտություն լսող ու մշակույթից գլուխ չհանող անդեմ զանգված: Ահա այսպիսի էլիտիստական համակարգ է ստեղծվել, որի մեջ տանջվում ենք ու քրքրվում՝ հայ մշակույթի մասին արտասվաթոր աչքերով հեքիաթներ ու լեգենդներ պատմելով:
Արձանագրենք. մշակույթն այն միջավայրն է, որի մեջ ապրում է ժողովուրդը: Այս տեսանկյունից ժողովրդական բոլոր դրսևորումները, ռաբիզից մինչև Հրագ, Լիլիթ Հովհաննիսյանից մինչև հարսանեկան պարեր, հայկական արդի մշակույթի բաղկացուցիչ տարրերն են: Հրաժարվել այս իրողությունից նշանակում է քաղքենիաբար հրաժարվել այն իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք: Իրավիճակն այս չափազանց նման է հայոց լեզվի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մարդիկ միամտաբար կարծում են, թե հայերենը զուտ պաշտոնական լեզուն է, իսկ խոսակցական լեզուն, բարբառներն ու ժարգոնը աղբ են ու պետք է դուրս մղվեն մեր իրականությունից: Սա իհարկե մոլորություն է՝ լեզվական ֆաշիզմի պարզ դրսևորում, քանի որ հայերենը հարուստ է իր բարբառներով, ժարգոնով ու խոսակցական լեզվով: Նույնը մշակույթի պարագայում է:
Մշակույթը հարուստ է ռաբիզով, Հրագով, հարսանեկան անհասկանալի պարերով և այսպես շարունակ: Ու եթե մենք կարծենք, թե մեր մշակույթը միայն օպերան ու բալետն են, Կոմիտասն ու Սայաթ Նովան են, ապա կնշանակի, որ մենք ողջ-ողջ թաղում ենք հայկականությունն ու հայկական իրականությունը: Դեռ հարց է, թե որքանով ենք մենք առնչվում Կոմիտասի հետ։ Վստահաբար նրա կապը մեզ հետ օրգանական է, նա ճանաչում է մեզ, բայց մենք չենք ճանաչում Կոմիտասին ու պաշտում ենք չհիմնավորված քաղքենիությունից դրդված։
Պարզապես մշակութաբանական անգրագիտություն է պնդել, թե թյուրքական ու արաբական ազդեցություններով ստեղծված երաժտությունը հայկական չէ: Ինչպե՞ս հայկական չէ, եթե այն Հայաստանում գոյություն ունի, ու միլիոնավոր մարդիկ ապրում են հենց այդ միջավայրում: Հայկական մշակույթը հարուստ է, որովհետև այն բազմաշերտ է: Փոշին սրբեք ու կտեսնեք եվրոպական շերտը, թյուքական շերտը, ռուսական, պարսական, արաբական շերտերը:
Սա պարզ մշակութային փոխներթափանցման պրակտիկա է, առանց որի ժողովուրդները չեն կարող ապրել: Այսինքն՝ մշակույթի սրբացման, էլիտարացման, արհեստականորեն անաղարտեցման փորձերը ընդհանուր առմամբ իրականությունից կտրված միֆեր են: Մշակույթն այն է, ինչ որ կանք: Եկեք խոստովանենք, որ մենք այս տարիների ընթացքում միայն այսքանն ենք կարողացել ստեղծել, հեշտ ու ինտելեկտուալ ճիգեր չպահանջող զանգվածային մշակույթն ենք դարձրել առաջնային, խոստովանենք ու անցնենք առաջ՝ նոր արժեքների որոնումներով ու փնտրտուքներով ոգեշնչված:
Բայց մինչ այդ պետք է փաստենք, որ հինը դեռևս որակի երաշխիք չէ, ինչպես որ նորը: Այսինքն՝ եթե հայ մշակույթը հին է, ապա չի կարելի ենթադրել, թե այն ամենից լավն է: Երիցս ո՛չ: Լավը գոյություն ունեցողն է, բայց ինչպես տեսնում ենք՝ այդ անցյալի լավն այլևս չկա, մենք խզել ենք նրա հետ քաղաքակրթական կապերն ու շաղկապող ավանդույթը:
Սա էլ խոստովանենք ու հանգիստ խղճով անցնենք նոր մշակութային միջավայրի ստեղծմանը՝ իհարկե անցյալի մշակութային ժառանգության երևացող ու չերևացող հիմքերի վրա: Այսինքն՝ ո՛չ թե անքննելի հինը վերականգնելու անհույս ճիգեր գործադրենք, այլ հին շերտի վրա մի նոր շերտ ավելացնենք՝ անկախ Հայաստանի մշակութային շերտը:
Քանի դեռ չենք փոխել վերաբերմունքը իրականության, մշակույթի և պետության հանդեպ, շարունակելու ենք ապրել այս նույն թշվառության և անտերության պայմաններում, որտեղ տիրապետողը ոչ թե կյանքն է, այլ դրա պատրանքը։ Այո՛, մենք որպես հանրություն չենք ապրում, ձևացնում ենք, թե ապրում ենք, այն էլ՝ երևակայական հարուստ մշակույթով։
Կարպիս Փաշոյան
