Հայաստանի համար ժամանակը կրճատվել է, իսկ պահանջները՝ ավելացել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ադրբեջանը հայտարարել է, թե 1,3 միլիարդ դոլար է ծախսելու իր օկուպացրած տարածքներում տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Զուգահեռ հայտնի է դարձել, որ Բաքուն ավելացնում է նաև պաշտպանական բյուջեն: Այդ հանգամանքը, իհարկե, Արցախի դեմ Թուրքիայի օգնությամբ իրականացրած ահաբեկչական պատերազմում լուրջ կորուստների Ալիևի յուրօրինակ խոստովանությունն է, որոնց վերականգնման համար էլ թերևս ավելացվում է պաշտպանական բյուջեն: Սակայն դա իհարկե չի կարող մխիթարել կամ հանգստացնել բոլորովին:

Ակնառու է, որ Հայաստանին թելադրվում է թե՛ սպառազինության, թե՛ տնտեսության նոր մրցավազք, որը թերևս լինելու է առավել կոշտ, հիբրիդային՝ ինչպես պատերազմը: Կասկածից վեր է, որ ի տարբերություն արցախյան առաջին պատերազմի՝ արցախյան երկրորդ պատերազմից հետո այդ մրցավազքի համար Հայաստանը չի ունենալու մոտ երեք տասնամյակ ժամանակ: Հայաստանի համար ժամանակը էապես կրճատվել է, և դրա համար կա երկու պատճառ: Նախ՝ էապես արագացել են համաշխարհային կյանքն ու տեխնոլոգիական անընդհատ հեղափոխության ընթացքը: Դրանից բացի՝ ժամանակային, այսպես ասած, «բարձիկի» ծավալն էապես սահմանափակել է այն, որ ի տարբերություն առաջին պատերազմի՝ երկրորդը մեզ համար ավարտվել է պարտությամբ:

Ցանկացած պատերազմի հիմքում տնտեսությունն է, որը պետք է վերածվի մարտունակ, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած բանակի: 2016 թվականին, երբ Հայաստանում փոխվեց կառավարությունը, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը բերեց մի տնտեսագիտական ուսումնասիրություն: Նա ներկայացրեց Մըկքինզի խորհրդատվական ընկերության հետազոտությունը, ըստ որի՝ 15 տարի անց Հայաստանի ՀՆԱ-ն կրկնապատկելու համար պահանջվելու էր ամեն տարի առնվազն մոտ 500 միլիոն դոլարի ներդրում: Անցնող չորս տարիներին Հայաստանը ոչ միայն չի ապահովել այդպիսի ցուցանիշներ, այլև անցել է քաղաքական բավականին հակասական փոփոխությունների փուլով, իսկ այժմ կանգնած է պարտված պատերազմին հաջորդած ուղղակի բոլոր առումներով անկումային իրադրությունում: Ըստ այդմ՝ կարելի է պատկերացնել, թե Հայաստանին ինչ և ինչքան է անհրաժեշտ՝ ՀՆԱ-ն տեսանելի ապագայում էապես փոխելու համար: Որովհետև չփոխվի ՀՆԱ պատկերը, դինամիկան, չի փոխվելու երկրի պաշտպանունակության համակարգի որակը: Ըստ այդմ՝ Հայաստանը ունենալու է տնտեսական և ռազմաքաղաքական մրցակցության ներկայիս շրջափուլն էլ տանուլ տալու մեծ ռիսկ:

Դա այն պարագայում, երբ արցախյան երկրորդ պատերազմով գործնականում քանդված ռեգիոնալ անվտանգության համակարգը ոչ միայն չունի նոր ճարտարապետություն, այլև շարունակելու է ենթարկվել նոր ազդեցությունների, ըստ այդմ՝ տրանսֆորմացիաների՝ Հայաստանից պահանջելով մեծ ռեսուրսներ: Այդ ֆոնին Հայաստանում թեժ պայքար է իշխանության համար:

Արամ Ամատունի

Այլ Գրառումներ