Հայաստանի ներքաղաքական կյանքը հիմնականում սահմանադրական ճանապարհով է ընթանում, բայց այդ ճանապարհից դուրս բերելու փորձերը շատ են: Եվ դա տարօրինակ է, քանի որ երկիրը նոր է պատերազմից դուրս եկել՝ պարտված, ահռելի մարդկային և տարածքային կորուստներով: Եվ այս պարագայում ոչինչ այնքան կարևոր չէ, որքան պետության կայունությունը, Ադրբեջանի հոգեբանական գրոհները շարունակվում են, իսկ ռազմական գործողությունները երբ ուզենան, կարող են վերսկսել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա դիտարկմամբ՝ համաժողովրդական ընդվզում չկա, և ակնհայտ է, որ բողոքի ակցիա կազմակերպողները հանրային աջակցություն չունեն:
Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ ուժերն ունեն ֆինանսական ռեսուրսներ, Շիրինյանը նշեց, որ եթե նկատի ունենանք ընտրությունները, կաշառելն այլևս մեծ դեր չի կարող ունենալ. «Մեր ժողովուրդը վերազարթնել է, մարդկանց գիտակցությունը պետության ճակատագրի հանդեպ և պետականության կորստի վախը շատ բարձր է»:
«Ես էլ եմ կարծում եմ, որ իշխանափոխություն է պետք: Իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդը իշխանությունն իրականացնում է ընտրությունների և հանարաքվեի միջոցով: Սահմանադրությունն ասում է՝ եթե իշխանափոխություն, ապա ընտրություններ, իսկ եթե ոչ ընտրություններ, ապա հանրաքվեի դիմել: Սրանից դուրս գործընթացները Սահմանադրությունից դուրս են, իշխանության յուրացման փորձը հանցագործություն է»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ինքը կողմնակից է հանրաքվե անցկացնելուն:
Շիրինյանի խոսքով՝ ներքաղաքական գործընթացներում շտապողականություն է նկատվում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր մի քանի ուժեր, քանի որ հանրային աջակցություն չունեն, դիմում են մանիպուլյացիաների՝ իշխանություն փոխելու համար:
