Դեպի հայրենիք մեր հայացքը կեղծ է

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հանրային դիսկուրսում հայրենիքի գաղափարը գրեթե սրբադասված է ու ֆետիշի կարգավիճակ ունի։ Բնականաբար իրականությունն այդպիսին չէ, պարզապես մեր քաղքենի հայացքն է անիրական ու լղոզված կերպարանք հաղորդել դրան։

Իհարկե, այս ամենի մեջ իրենց անգնահատելի ներդորումն ունեն կիսագրագետ ու հայրենատենչ մտավորականությունը և միջակության ձգտող քաղաքական գազանանոցը։ Խնդիրն այն է, որ մենք չենք փորձում տեսնել ու նկատել այն հայրենիքը, որն իրականում կա։ Մենք չենք ուզում սիրել հասարակ այն մարդուն, որն իրականում է։

Ընդհակառակը՝ մենք Հայաստանի ու հայաստանցու գոյություն չունեցող պատրանք ենք ստեղծել, պատրանք, որը հեռու է իրականությունից ու կտրված ճշմարտությունից։ Սա չափազանց լուրջ մշակութային խնդիր է, որը կարելի է ձևակերպել որպես ազգայնական էգոիզմ։

Այսինքն՝ մարդն ինքն իրեն նույնականացրել է գաղափարի հետ։ Իր թշվառությունն ու անկարողությունը քողարկում է գաղափարով, ինքն իր չգոյությունը փոխակերպում է գոյության հենց այդ նույն գաղափարի անսպառ շահագործմամբ։ Հաջորդաբար անձնական քմահաճույքը դառնում է գաղափարի մեխը՝ բուն գաղափարը ծառայեցնելով   որպես անհատի գայթակղությունների բավարարարման միջոց։ Ամենն այս հայրենասիրության հետ որևէ աղերս չունի, սա ընդամենը պարզունակ էգոիզմի դրսևորում է, երբ հայրենիքը դառնում է մարդու գերին, ամենօրյա սպառման արագ սնունդը, որը կծում ու թքում են, կծում ու թքում են և այսպես անվերջ։

Իսկ մենք էլ ապրում ենք խորհրդային այն թշվառ այլախոհների պես, այսինքն՝ առաջին տպավորությամբ այլախոհ և հանուն ազատության պայքարող, բայց  իրականում՝ ԿԿԲ-ի դրածո և կամակատար։ Այս պարագայում խորհրդային ԿԳԲ-ի սրբազան պարտականություններն իր վրա է վերցրել փողոցային պառլամենտը։

Տարբերությունը միայն մեկն է․ այն ԿԳԲ-ի պես ֆիզիկապես չի սպանում, այլ ոչնչացնում է ներսից՝ աստիճանաբար քայքայելով ու կամաց-կամաց կրծոտելով մարդկային հոգին։  Դե անարյուն ինկվիզիցիայի դարաշրջանում ենք ապրում, երբ խարույկին փոխարինելու է եկել պոլիտկոռեկտությունը։ Եվ մենք ստիպված ենք ամեն օր ու ամեն ժամ ամեն մի տխմարի առջև կանգնած արդարանալ ու բացատրություններ տալ, ձևացնել, թե սիրում ենք այն, ինչը գոյություն չունի։

Առաջին տպավորությամբ չափազանց տարօրինակ բաների մասին եմ խոսում, բայց իրականում ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի։ Ավելին՝ խնդիրն այնքան պարզ է, որ յուրաքանչուր ոք կարող է զգալ, թե ինչի մասին է խոսքը։ Պետք չէ կեցությունը ազգայնական էգոիզմի առարկա դարձնել և դրա շուրջ ինչ-որ երևակայական, գոյություն չունեցող ուխտավայրի կերպար ստեղծել։ Պետք չի Հայաստանը տեսնել սեփական նեղ հայրենասիրական քմահաճույքի ու ճաշակի դիտանկյունից։ Պետք չի սեփական բնազդները բավարարելու համար թաքնվել հայրենիքի թիկունքում։ Սա չափազանց կործանարար մի հայտնություն է, որի հիմքում սողացող ավազն է։ Կեղծիքի վրա կանգնած կառույցն ամբողջությամբ փլվելու միտում ունի՝ իր ավերակների տակ կործանելով ամեն մի լուսավոր դրսևորում։ Պատերազմում ջախջախիչ պարտությունը ասվածի լավագույն վկայությունն է, երբ մեր աչքերի առջև հողին հավասարեցվեց կեղծիքի մի ողջ ժամանակաշրջան։

Եկեք տեսնենք այն, ինչ որ իրականում կա, առանց պատրանքների ու եսասիրական նկրտումների, եկեք նկատենք և ճանաչենք  իրականը, նույնիսկ եթե այն խղճուկ է և թշվառ՝ առանց զգացմունքային փսլինքների ու կեղծ հայրենասիրական կաղապարների։ Հայաստանը սրբադասվելու պետք չունի, հողի վրա կանգնած մարդիկ թքած ունեն ձեր եսասիրական հայրենասիրության վրա։ Ընդհակառակը՝ Հայաստանին մարդկային ու հողին կառչած պարզ արժեքներ են պետք, որոնք մենք չենք կարողանում տալ։ Քանի դեռ մեր՝ դեպի հայրենիք ուղղված հայացքը կեղծ է, այլ արդյունք ակնկալելն ինքնին անլուրջ է։ Բեռնաթափվելու, կեղծ կաղապարներից, պատրանքներից ու միֆերից ազատագրվելու պետք ունենք։

Կարպիս Փաշոյան

Այլ Գրառումներ