Հին աշխարհի Սփյուռքը և նոր աշխարհի հրամայականը. 21-րդ դարի հայկական մեքենան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Երրորդ երկրների տարածքում հայության դեմ ադրբեջանցիների խուլիգանական, ահաբեկչական, վայրագ գործողությունների հանգամանքը առաջացրեց մի շարք արձագանքներ տարբեր հարթությունների վրա, այդ թվում նաև համահայկական վարքագծի և ռազմավարության վերամշակման, թարմացման, արդիականացման:

Գործնականում շատերն արձանագրեցին, որ ադրբեջանցիների նպատակների շարքում էր նաև աշխարհի առաջ հայերին իրենց հավասարեցնելու խնդիրը, այդպիսով հայկական քաղաքակրթական առավելությունն ու ռազմա-քաղաքական դիրքերի ամրությունը չեզոքացնելու համար: Այստեղ, սակայն, սադրանքի չտրվելու պատեհ ու համարժեք կոչերով ու խնդրով հանդերձ, այդուամենայնիվ առաջանում է կարևոր հարցը՝ իսկ ինչ անել: Այդ հարցն ունի բազմապիսի պատասխաններ, սակայն մի բան ակնառու է առավել քան՝ համահայկական կյանքը ունի վերակազմակերպվելու անհրաժեշտություն, և Ադրբեջանին պատասխանելու այլընտրանքային, ասիմետրիկ միջոցների կամ խնդրի հարցը միայն մի կողմն է: Ակնառու է, որ հայկական համայնքները ունեն 21-րդ դարի պահանջներին համահունչ կազմակերպվելու, սեփական գործունեությունը դարի հրամայականներին համարժեք դարձնելու հարց: Պետք է թերևս արձանագրել, որ չնայած այս կամ այն ծավալի տրանսֆորմացիայի փուլերին, հայկական համայնքը, խոշոր հաշվով, որպես ինքնակազմակերպվող միավոր՝ իր տարբեր որակներով, տարբեր բնույթի միավորներով հանդերձ, մեծ հաշվով, 20-րդ դարի 70-80-ականների աշխարհին համարժեք համայնք է, այն դեպքում, երբ ներկայումս աշխարհը արմատապես տարբեր է:

Արմատապես տարբեր այդ աշխարհը պահանջում է ազգային-պետական խնդիրների լուծման, սպասարկման, քննարկման նոր ձևեր՝ թե՛ տեխնոլոգիական, թե՛ կազմակերպական, ցանցային: Անմնացորդ ցանկությունը պահպանված է բոլորի մոտ, սակայն այդ ցանկությունը մի արդյունավետություն ուներ մոտ 20-30-40 տարի առաջ, և բոլորովին այլ է արդյունավետությունն այժմ, որովհետև ցանկության արտահայտման ձևերը ու գործիքները համեմատության մեջ այն ժամանակ ավելի համահունչ և համարժեք էին այն ժամանակված աշխարհին, քան ներկայիս աշխարհի հետ դրանց հարաբերակցությունը: Ավելին, հաշվի առնելով ժամանակակից աշխարհի գերարագ փոփոխականությունը, մեզ պետք է համահայկական ներուժի կազմակերպման այնպիսի կառուցվածքային, ցանցային, ինստիտուցիոնալ և տեխնոլոգիա-գործիքակազմային հնարավորություն, որը թույլ կտա արագ և ճկուն արձագանքել նաև վաղվա մարտահրավերներին:

Աղբյուրը՝ 1in.am

Այլ Գրառումներ