Գիտնականները կանխատեսում են նոր օվկիանոսի ձևավորում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ամերիկացի գիտնականները նոր օվկիանոսի հավանական ձևավորում են կանխատեսել, որը կարող է ի հայտ գալ 5-10 մլն տարվա ընթացքում:

Օվկիանոսը, կանխատեսվում է, որ կարող է ձևավորվել Աֆրիկայի արևելյան հատվածում տեղի ունեցող տեկտոնական ճեղվածքների պատճառով:

Խոսքը գնում է Աֆրիկայի Աֆար տարածաշրջանի մասին, որը գտնվում է նուբիական, սոմալիական և արաբական անապատների սահմանին: «Այս ամայի տարածքը գտնվում է երեք տեկտոնական հողատարածքների հատման կետում, որոնք դանդաղորեն հեռանում են միմյանցից: Այդ տեկտոնական գործընթացի արդյունքում Աֆրիկան կբաժանվի երկու մասի և նոր օվկիանոսային ավազան կստեղծվի»,- նկատում է Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, աշխարհագրագետ Քեն Մաքդոնալդը:

Նրա խոսքով՝ այս տեսության առավել ակնհայտ ապացույցը ներկա պահին 56 կմ երկարությամբ ձևավորված ճեղքվածքն է եթովպիական անապատում: Շարժման պատճառը կարող է լինել մագմայից ստացվող ճնշումը: Ներկայում գիտնականները հողակտորների շարժին հետևում են GPS համակարգի միջոցով:

Անցած 30 միլիոն տարիների ընթացքում արաբական ցամաքային ափսեի՝ Աֆրիկայից հեռանալու գործընթացի արդյունքում ստեղծվել են Կարմիր ծովն ու Ադենի ծոցը: Արևելյան Աֆրիկայի սոմալիական ափսեն նույնպես Նուբիյան ափսեից տարանջատման միտում է ցույց տալիս ՝ ձգվելով Արևելյան Աֆրիկայի Ռիֆթ հովտի երկայնքով, որն ընկած է Եթովպիայի և Քենիայի միջև:

Սակայն, մինչ այժմ հստակ ապացույց չկա այն մասին, թե ինչու է տեղի ունենում այս գործընթացը:

Արբանյակային մանրամասն դիտարկումները, որոնք զուգորդվում են դաշտային լրացուցիչ հետազոտություններով, կարող են նաև օգնել գիտնականներին հավաքել մանրամասն տեղեկատվություն այն ամենի մասին, ինչ կատարվում է Աֆարի շրջանի ստորգետնյա տարածքում: Բայց շրջակա միջավայրը և առկա բնակլիմայական պայմանները հետազոտությունների իրականացումը բավականին բարդացնում են:

Ինչպես նշում է Նյու Օռլեանի Թուլանի համալսարանի երկրաֆիզիկոս Սինթիա Էբինջերը, ով իրականացրել է բազմաթիվ դաշտային հետազոտական արշավներ Աֆարի շրջանում, «Ցերեկային ջերմաստիճանը այստեղ հաճախ հասնում է 130 աստիճանի ըստ Ֆարենհայտի, իսկ գիշերը՝ 95 աստիճան տաքություն »:

Նյութի և նկարների աղբյուր՝ www.nbcnews.com

Այլ Գրառումներ