Ցանկացած կազմակերպություն՝ լինի դա պետական, թե ոչ պետական,իր գործունեությունը պետք է իրականացնի մաքսիմալ արդյունավետությամբ:Կազմակերպական էթիկան այստեղ մեծ դեր ու նշանակություն ունի:Իսկ ի՞նչ է նշանակում լինել էթիկապես կոմպետենտ:Փորձելով գտնել այս հարցի պատասխանը՝ շատ հետազոտողներ երևույթը սահմանում են որպես «գիտելիքների,հմտությունների,վարքագծի և կարողությունների հիմնարար համախումբ,որը մեծապես կապված է աշխատանքային կատարողականի հետ»:
Հանրային կառավարման գործընթացում կարևոր է առանձնացնել և ընդգծել էթիկական վարքագիծը և էթիկական որոշումների ընդունումը:Նախևառաջ անհրաժեշտ է սահմանել էթիկական կոմպետենտություն հասկացության բաղադրիչները առանձինառանձին:Կոմպետենտությունը (այն հիմնականում քննարկվում է մարդկային ռեսուրսների կառավարման հարթակում) սահմանում է կառուցվածքը,մինչդեռ էթիկան (հիմնականում քննարկվում է բիզնես և վարչական էթիկայի հարթակներում) տալիս է դրա բովանդակությունը:Միևնույն ժամանակ,կոմպետենտությունը հարաբերական հասկացություն է,որը գործածվում է զանազան հարթակներում՝ յուրաքանչյուր հարթակում ծառայելով տարբեր նպատակների:Հետևաբար,այդ հարթակների միջև հստակ զանազանություն մտցնելու համար պետք է դրվեն հետևյալ հարցադրումները.
- Կոմպետենտությունը դիտարկվում է որպես անհատական,թե՞ կազմակերպական մակարդակի արժեք/փոփոխական: Կազմակերպական մակարդակում այն դիտվում է որպես կազմակերպության բնութագրիչ:Պետական և այլ տիպի կազմակերպությունները պետք է ունակ լինեն լուծել համապատասխան էթիկական խնդիրները,որոնք կարող են բարձրացվել ամենօրյա գործընթացներում:
Պետական հատվածի շատ հիմնարկներ,փորձելով ստեղծել գործունեության էթիկական ստանդարտներ և նորմեր,շատ հաճախ հենվում են վարքագծի ավանդական կանոնների և նորմերի վրա՝ հիմնված տվյալ հիմնարկի հիմնարար արժեքների վրա:Սակայն հենց սա է,որ հաճախ բերում է կոռուպցիայի դրսևորման,քան հանրային գործունեության արդյունավետության բարելավմանը:
- Կոմպետենտությունը անհատական բնութագրիչ է,թե՞ կոնկրետ իրավիճակի,գործոնի,խնդրի բնութագրիչ: Առաջինի դեպքում այն սահմանվում է որպես աշխատողի գիտելիքների,կարողությունների,հմտությունների համախումբ,որ կիրառվում է աշխատանքային գործընթացներում:Երկրորդ դեպքում այն ավելի շուտ բնութագրում է հենց աշխատանքային գործունեությունը:Սակայն,ըստ էության,սրանք միախառնված են միմյանց,քանզի անձի մոտ կոմպետենտության առկայությունը կամ դրա բացակայությունը անմիջապես ազդում է աշխատանքի վերջնարդյունքի վրա:
- Կոմպետենտությունը մասնավոր,թե՞ ընդհանրական երևույթ է: Առաջինի դեպքում այն վերաբերում է խիստ որոշակի գործունեության կամ կազմակերպության ,մինչդեռ երկրորդը ենթադրում է,որ երևույթը կրում է համակարգային բնույթ և հանգում համակարգի յուրաքանչյուր տարրին:
- Եվ վերջապես,կարելի է նաև ենթադրել,որ կազմակերպական նպատակն է որոշում տվյալ մակարդակում կոմպետենտության աստիճանը կամ բնութագրիչները:
Այժմ անդրադառնանք «էթիկական» կոչվող հասկացությանը որպես հայեցակարգ:Էթիկական հասկացությունը սահմանում է կոմպետենտության բնույթը: Հայտնի տեսաբան Պրեստոնը արձանագրում է,որ «էթիկան իրենից ենթադրում է այն,ինչ ճիշտ է,արդար,պարզ,և ոչ թե այն,ինչ ընդունելի է կամ նպատակահարմար»:Իսկ օրինակ Կուպերը զանազանություն է մտցնում էթիկայի նորմատիվ և նկարագրական մոտեցումների միջև:Նորմատիվ էթիկան ապահովում է վարքի ուղղորդիչ սկզբունքներ.«Ի՞նչն է էթիկապես ճիշտ,ի՞նչը՝ սխալ»:Նկարագրական էթիկան ենթադրում է.«Նկարագրել և կանխատեսել այն,թե ինչ են մարդիկ մտածում,հասկանում և անում»:Տալով այս հասկացությունների սահմանումները՝կարևոր է առաջնորդվել հստակության և թափանցիկության սկզբունքներով,երբ կիրառվում է սրանցից որևէ մեկը:
Անցում կատարելով «էթիկական կոմպետենտություն» հասկացությանը,պետք է նշել,որ հասկացությունը իր բնույթով կարևորվում է թե՛ պետական կառավարման,թե՛ բիզնես ոլորտներում:Այն հաճախ դիտվում է որպես աշխատակցի բնութագրիչ և աշխատանքային մոտեցում:Այս դեպքում էթիկական կոմպետենտությունը կարող է հանգեցնել էթիկական կատարողականի ձևավորմանը:Հայտնի տեսաբան Քարսինգը,օրինակ,այն սահմանում է որպես «խնդիրները գիտակից և ուշադիր կերպով լուծելու կարողություն՝ հաշվի առնելով ամեն տիպի շահ,որը հիմնվում է համապատասխան փաստերի գնահատման վրա»:Այսինքն,էթիկական կոմպետենտությունը ենթադրում է՝
- հավատարմությունը անձնական և մասնագիտական վարքի չափանիշներին
- համապատասխան էթիկական նորմերի և կանոնների մասին գիտելիքի առկայությունը
- իրավիճակային տարբեր խնդիրներին դիմագրավելու կարողությունը
- հանրային ծառայության արճեքներից և նորմերից վեր գործելու ունակությունը
- կազմակերպությունում էթիկական վարքագիծը խթանելու կարողությունը:
Որոշ պրոֆեսիոնալներ ունակ են ինտուիտիվ կերպով գործածել օրենքները և կանոնները՝ իրականում առանց դրանք իմանալու:Սա,իհարկե,կարող է հանգեցնել բարդ ու խճճված իրավիճակների:Այդ դեպքում աշխատակիցը պետք է ունակ լինի հասկանալ իրավիճակի/խնդրի բնույթը,կատարի իրավիճակային վերլուծություն և հասկանա,որ յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է առանձնահատուկ մոտեցում:Օրինակ՝ նա կարող է մերժել նվերը քաղաքացուց ոչ թե նրա համար,որ նա կկորցնի իր չեզոք դիրքորոշումը,այլ վախենում է պատժից:Այս վարքը էթիկական է,սակայն չի ենթադրում էթիկական կոմպետենտություն:Հանրային ծառայողի կամ,ընդհանրապես, էթիկապես կոմպետենտ աշխատակցի համար կարևոր է հասկանալ,որ սեփական գիտելիքներն ու հմտությունները պետք է օգտագործվեն պատշաճ ձևով՝ առանց անցնելու թույլատրելիի սահմանը և ոտնահարելու սեփական արժանիքներն ու արժանապատվությունը՝ գործողություններն ուղղելով դեպի հանրային շահը:Բացի այդ էթիկապես կոմպետենտ աշխատակիցը կամ հանրային ծառայողը չպետք է մոռանա,որ իր՝ որոշումների ընդունումը կամ գործողությունները ենթակա են տարբեր տիպի վերահսկողության,ինչպես օրինակ դատարանների,նախարարների,գործընկերների,փորձագետների,տարբեր տիպի շահառուների,ԶԼՄ-ների և այլոց կողմից:Այս դեպքում կարևորվում է այն հանգամանքը,որ հանրային ծառայողը ունենա ինքնավարություն,անձանց ակնկալիքներն ու պահանջները հասկանալու ունակություն,պետության կամ կազմակերպության նորմերը ընկալելու և պահպանելու ունակություն և այլն: Այսպիսով, «կոմպետենտ» հասկացությունը ենթադրում է գիտելիք և հմտություն,ինչպես նաև համապատասխան արժեքներ և վարքականոններ մոբիլիզացնելու կարողություն:Իսկ երբ հանրային ծառայողը կամ կառավարման համակարգի ցանկացած աշխատակից իր գործունեության հիմքում դնում է էթիկական կոմպետենտությունը՝ որպես աշխատանքի կամ պարտականությունների անբաժան մաս,ինքնին կառավարումը և բարոյական արժեքները դրվում են որակապես ավելի բարձր մակարդակի վրա՝ դառնալով աշխատանքային գործունեության չափորոշիչներ:
Ամենից զատ այս թեմայի շրջանակներում կարելի է շեշտել նաև այն փաստը,որ հաճախ պետական և ոչ պետական կազմակերպություններում առաջ է քաշվում այն հարցը,թե գործունեության ո՞ր ձևն է ավելի նախընտրելի՝ կողմնորոշված դեպի աշխատողը,թե՞ դեպի աշխատանքը:Սա պայմանավորված է տարբեր չափանիշներով,իսկ չափանիշները ձևավորվում են հենց մասնագիտական պարտականությունների կամ էլ կազմակերպական գործունեության շրջանակներում:Ավելին,աշխատողի կոմպետենտության աստիճանը կարող է որոշել նաև կազմակերպության կոմպետենտության մակարդակը,իսկ աշխատողի էթիկական կոմպետենտությունը հաճախ ձևավորվում կամ էլ արտահայտվում է՝ ելնելով էմոցիոնալ կամ զգայական կոմպետենտությունից:
Հեղինակ՝ Հեղինե Մկրտչյան
