ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայությունը նրան անսպասելիորեն դուրս է հանել մամուլի ասուլիսի սրահից՝ Սպիտակ տան մոտակայքում հնչած կրակոցների պատճառով: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Մամուլի ասուլիսից դուրս գալուց մի քանի րոպե անց ԱՄՆ նախագահը վերադարձել է և տեղեկացրել, որ իր դուրս գալու պատճառը Սպիտակ տան մոտ հնչած կրակոցներն են եղել:
«Կրակոցներ են եղել Սպիտակ տան մոտակայքում, բայց պարսպից այն կողմ»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ կրակողը մեկն է եղել, նա վիրավորվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից բացված պատասխան կրակի հետևանքով, այժմ նրան հիվանդանոց են տանում:
«Երևում է՝ այդ մարդը վիրավորվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասել է ԱՄՆ նախագահը:
«Ես զարմացած էի, դա շատ անսովոր է: Գաղտնի ծառայության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել»,-հավելել է Թրամփը:
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը ներկայացրել է դեպքի մանրամասները. կասկածյալ «կրակողը» մոտեցել է Գաղտնի ծառայության սպային և հայտարարել է, որ իր մոտ զենք կա:
«Ժամը 17:53-ի մոտակայքում 51-ամյա տղամարդը մոտեցել է Գաղտնի ծառայության սպային, որը կանգնած էր իր հերթապահության վայրում` 17-րդ փողոցի և Փենսիլվանիա պողոտայի անկյունում, Սպիտակ տան մոտ: Կասկածյալը մոտեցել է սպային և հայտարարել է, որ իր մոտ զենք կա: Հետո կասկածյալը շրջվել է, ագրեսիվ կերպով վազել է սպայի ուղղությամբ և շարժում է արել, որպեսզի հագուստից ինչ-որ առարկա դուրս բերի»,-ասված է Գաղտնի ծառայության հայտարարության մեջ:
Հետո, համաձայն հայտարարության, տղամարդը կրակողի դիրք է ընդունել, «կարծես պատրաստվում էր կրակել զենքից»: Դրանից հետո Գաղտնի ծառայության սպան կրակել է կասկածյալի ուղղությամբ:
Նշվում է, որ սպաները դեպքից հետո անհապաղ առաջին օգնություն են ցուցաբերել տուժածին, ինչից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց:
Գաղտնի ծառայությունը ներքին հետաքննություն կանցկացնի իր սպայի գործողությունների առնչությամբ, բոլոր տվյալները փոխանցվել են նաև ոստիկանություն` կրկին հետաքննություն սկսելու նպատակով:









Նյութի աղբյուրը՝ tert.am
