Այսօր Լեհաստանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

հեղինակ - admin

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այսօր` հուլիսի 12-ի առավոտյան, Լեհաստանում բացվել են ընտրատեղամասերը, երկրում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին և կփակվեն 21:00-ին: Միայն ընտրատեղամասերի փակումից հետո կհայտարարվեն exit poll-ի առաջին տվյալները:

Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններին իրավունք ունի մասնակցելու շուրջ 30 միլիոն քաղաքացի: Ընտրությունների անցկացման համար բացվել է շուրջ 27 000 ընտրատեղամաս, այդ թվում` արտերկրում:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընտրությունները անցկացվում են խառը ձևաչափով. ընտրատեղամասեր այցելել չցանկացող քաղաքացիները իրենց ձայները կարող են տալ փոստի միջոցով:

Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող ղեկավար, իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան և ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա» միության թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին:

Նշենք. որ ընտրությունների առաջին փուլում Դուդան հավաքել է ձայների 43,5%-ը, Տշասկովսկին՝ 30,46%-ը::

Նյութի աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի

Այլ Գրառումներ