ԱՄՆ-ը 3-րդ անգամ արգելափակում է Գազայում զինադադար պահանջող ՄԱԿ ԱԽ համատեղ հայտարարությունը, կամ ինչպիսին է լինում իրական դաշնակիցը. newarmenia.am

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն արդեն երրորդ անգամն է արգելափակում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համատեղ հայտարարությունը, այս մասին հայտնում է իսրայելական The Times of Israel թերթը` հղում անելով ՄԱԿ-ում աշխատող դիվանագետներին:

Հայտարարության նախագիծը, որը շարունակվող բռնությունների համար քննադատում է երկու կողմերին, պատրաստել էին Նորվեգիան, Թունիսը և Չինաստանը: Ինչպես տեղեկացնում են ՄԱԿ ԱԽ դիվանագետները, բանակցությունները շարունակվում են, և անդամ պետությունները դեռ պետք է քննարկեն հայտարարությունը մինչև երկուշաբթի կեսօր:

Անվտանգության Խորհրդի բաց հանդիպման ընթացքում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ասել է, որ Միացյալ Նահանգները «դիվանագիտական ուղիներով անխոնջ աշխատում են, որպեսզի վերջ տան այս հակամարտությանը»:

Խորհրդի նիստին իր ելույթում ԱՄՆ դեսպանը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումը:

Հատկանշական է, որ նա չի նշել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները անդադար շեշտում էին վերջին շաբաթվա իրենց համապատասխան հայտարարություններում:

Երկուշաբթի և չորեքշաբթի տեղի ունեցած փակ արտակարգ նիստերից հետո Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը փորձեցին տարածել այդ համատեղ հայտարարությունը, որը, սակայն, պահանջում է միաձայն հաստատում: Արդյունքում, այն մերժվել է ԱՄՆ կողմից:

Ըստ որոշ դիվանագետների, ամերիկացիները ժամանակ են պահանջում իրենց կողմից գործադրվող դիվանագիտական ջանքերի համար:

Նախատեսվող հայտարարությունը կոչ էր անում անհապաղ դադարեցնել զինադադարը `միաժամանակ դատապարտելով երկու կողմերին էլ բռնության համար:

Կիրակի օրը կայացած բաց նիստի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և գտնել քաղաքական լուծում: «Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը և հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: ԱՄՆ-ը կոչ է անում ՀԱՄԱՍ-ին և Գազայի այլ պաղեստինյան խմբավորումներին անհապաղ դադարեցնել հրթիռների արձակումը և այլ սադրանքները …», — ասել է ԱՄՆ դեսպանը:

Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին նույնպես դատապարտեց տարածաշրջանում շարունակվող բռնությունները և հակամարտության կողմերին կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ըստ նախարարի, Չինաստանն աշխատում է այլ երկրների հետ` Անվտանգության խորհրդի նախագահի կողմից մամուլի համար հայտարարության տեքստը պատրաստելու ուղղությամբ: Չինացի նախարարը նաև ափսոսանք է հայտնել, որ հայտարարությունը դեռ չի ընդունվել «միայն մեկ երկրի կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով»:

Հանդիպմանը ռուսական կողմը նույնպես դատապարտել է քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները և հակամարտության կողմերին հրադադար հաստատելու կոչ է արել:

Նորվեգիայի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներից մեկն արտակարգ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր կառավարությունը «խորապես հավատում է, որ Անվտանգության խորհուրդը պետք է խոսի միաձայն և հստակ ուղերձ հղի՝ պահանջելով անհապաղ դադարեցնել բռնությունը …»:

Սակայն, ինչպես տեսնում ենք, Իսրայելն արդեն մոտ մեկ շաբաթ անխնա հարվածում է Գազայի հատվածին, հաշվի չառնելով անգամ խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճող թվերը: Հրեական պետության կողմից հաշվի չեն առնվում զինադադարի բազմաթիվ կոչերը, խնդիր է դրված տակավին ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ներուժը: Եվ այդ հարցում Իսրայելը կարծես ունի ԱՄՆ աջակցությունը, և հենց դրա համար էլ ԱՄՆ-ն, որպես իրական և հավատարիմ դաշնակից, դեռ կշարունակի արգելափակել Իսրայելին քննադատող ցանկացած փորձ:

Այլ Գրառումներ