Վտանգավոր խմորում՝ Ուկրաինայում. նոր ռիսկեր Կովկասի համար

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Եթե ես լինեմ, դուրս կգամ Մինսկի համաձայնությունից՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ ասելով, սակայն, թե Մինսկի համաձայնությունից Կիևի դուրս գալը նպատակահարմար չէ, քանի որ այդ դեպքում եվրոպացի գործընկերները կարող են չեղարկել ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները:

Ուկրաինայի նախագահը անում է հայտարարություն, որին պետք է լինել թերևս չափազանց ուշադիր: Բանն այն է, որ նա բաց տեքստով խոսում է Մինսկի համաձայնությունից դուրս գալու հավանականության մասին: Այդ համաձայնությունը, ինչպես հայտնի է, ներառում է չորսին՝ Ռուսաստան, Ուկրաինա և միջնորդներ՝ Գերմանիա-Ֆրանսիա: Կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են Մինսկի համաձայնությունները չկատարելու համար: Ներկայումս, սակայն, հարցը դա չէ:

Բանն այն է, որ օրերս ռազմատեխնիկական համաձայնագրեր կնքեցին Թուրքիան և Ուկրաինան: Կիևը ուշադրությամբ հետևել է Արցախում թուրք-ադրբեջանական գրոհներին և անօդաչուների կիրառմանը: Ռուսաստանցի փորձագետները ազդարարեցին, որ Արցախից հետո Ռուսաստանի ուղղությամբ թուրքական հարվածի հաջորդ ուղղությունը կարող է լինել Ուկրաինան: Ուկրաինան կլինի հարվածի ուղղություն, թե ոչ՝ պարզ չէ, սակայն որ Թուրքիան այն արդեն իսկ վերածել է ՌԴ-ի հանդեպ ճնշման ուղղության՝ անկասկած է:

Այդ համատեքստում էլ ուշադրության է արժանի, որ Զելենսկին առաջին անգամ բաց տեքստով խոսում է Մինսկի համաձայնությունից, այլ կերպ ասած՝ ՌԴ հետ ուղղակի, թե անուղղակի բանակցության հունից դուրս գալու պատրաստակամության մասին, եթե եվրոպացի գործընկերները տան այդ ազդակին իրենց հավանությունը: Եթե Բեռլինը, Փարիզը և թերևս Վաշինգտոնը հավաստիացնեն, որ այդ դեպքում չեն չեղարկի պատժամիջոցները ՌԴ-ի հանդեպ, ապա մեծ հավանականությամբ Կիևը դուրս կգա Մինսկի համաձայնությունից՝ այդպիսով ինչ-որ իմաստով գուցե սադրելով Ռուսաստանին, դրան ի պատասխան Թուրքիայի հետ արդեն ռազմական բաղադրիչով խաղ սկսելու համար:

Այդ հեռանկարները կամ ռիսկերը լոկ արևելաեվրոպական չեն, դրանք էապես առնչվում են նաև կովկասյան իրողություններին և արցախյան իրադրությանը: Որովհետև շատ դժվար է կանխատեսել, թե ուկրաինական ուղղությամբ նոր ճնշում ստանալու պարագայում ինչ վարքագիծ կդրսևորի և ինչ որոշում կկայացնի Ռուսաստանը, և դրանում ինչ տեղ կունենա կովկասյան ուղղությունը, որտեղ ռուս-թուրքական խմորումները դեռևս ընթացքի մեջ են և մոտենում են ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցին

Այլ Գրառումներ