Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը վստահ է, որ կստանա ընտրիչների ավելի քան 300 ձայն՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն, հայտնում է Independent պարբերականը:
«Մենք ընտրիչների ավելի քան 300 ձայները ստանալու ճանապարհին ենք … 24 ժամ առաջ մենք պարտվում էինք Ջորջիայում, այժմ մենք առջևում ենք և պատրաստվում ենք հաղթել այս նահանգում», – ասել է Բայդենը:
Նա նշել է, որ թվերն արդեն հստակ ցույց են տալիս, որ դեմոկրատները կհաղթեն այս մրցավազքում: Դեմոկրատը նաև հայտարարել է, որ ինքն իր մրցակցից առաջ է անցել Փենսիլվանիայում (ընտրիչների կոլեգիայի անդամների 20 ձայն), Արիզոնայում (11) և Նևադայում (վեց), որոնք առանցքային նահանգներ են:
Բայդենը նաև ընդգծել է, որ թույլ չի տա կասեցնել ձայների հաշվարկը, ինչը նախկինում պահանջում էր հանրապետական թեկնածու և ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը:
Քաղաքական գործիչը դիմել է նաև Ամերիկայի այն քաղաքացիներին, որոնք չեն սատարում իրեն. «Մենք կարող ենք հակառակորդներ լինել, բայց մենք թշնամիներ չենք: Մենք ամերիկացիներ ենք … Ժամանակն է միավորվել որպես ազգ»:
Աղբյուր՝ 1in.am
