Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին հորդորել է սկսել բանակցություններ միջերկրածովյան տարածքների շուրջ, որոնք կողմերից յուրաքանչյուրը համարում է իր սեփականությունը: Բանակցություններից հրաժարվելու դեպքում Էրդողանը նախազգուշացնում է վատ հետևանքների մասին:
Անկարան Հունաստանի և Կիպրոսի հետ ներկայումս հակասությունների մեջ են գտնվում Միջերկրական ծովում գազի ու նավթի պաշարների պատկանելության հարցի շուրջ, որտեղ երեք կողմերը տեղակայել են իրենց ծովային և օդային ուժերը:
《Նրանք պիտի հասկանան, որ Թուրքիան ունի քաղաքական, տնտեսական ու ռազմական այն ուժը, որը կարող է պատռել անբարոյական քարտեզներն ու փաստաթղթերը》,֊ասել է Էրդողանը` նկատի ունենալով այն տարածքները, որոնք, ըստ Հունաստանի ու Կիպրոսի քարտեզների, համարվում են իրենց ծովային տնտեսական գոտում:
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան 《պատրաստ է ցանկացած քայլի》։ Այս ընթացքում, ինչպես թուրքական մամուլն է հաղորդում, Անկարան դեպի Հունաստանի սահմանն է ուղարկում տանկեր: Սիրիային սահմանակից Էդիրնեից Թուրքիան այս ուղղությամբ արդեն ուղարկել է 40 հրասայլ: Այս տեղակայման մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա:
Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանն արդեն մի քանի շաբաթ հայտնվել են Միջերկրական ծովում տարածքային պատկանելության շուրջ հակամարտության մեջ:
