Օգոստոսի 8-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի հյուսիսում իրականացվող «Ճանկ-վագր» ռազմական գործողության ընթացքում քուրդ զինյալների հետ բախման հետևանքով երկու զինծառայողի վիրավորման և մեկ կորստի մասին։
Այսպիսով, վերոհիշյալ ռազմագործողության ընթացքում Թուրքիայի հայտնի և հրապարակված կորուստների թիվը հասավ վեցի։
Նախօրեին Իրաքի հետ սահմանային գոտում տեղակայված ռազմաբազաներ կատարած այցի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ծանոթացել է ռազմագործողության ընթացքին և հայտարարել, որ «պայքարն ինտենսիվորեն շարունակելու են՝ մինչև վերջին զինյալի չեզոքացումը»։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը հայտնել էին Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ վերոնշյալ ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն հաջորդել է հունիսի 15-ի կեսգիշերին սկսված մեկ այլ մեկօրյա ռազմագործողությանը:
Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ գործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում էարդեն ավելի քան 10 տարի։
Նյութի աղբյուրը՝ razm.info
