Բեյրութում բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 490-ի

հեղինակ - admin

Երեկ՝ օգոստոսի 8-ին, հազարավոր մարդիկ դուրս են եկել Բեյրութի փողոցներ, ինչպես նաև մայրաքաղաքի գլխավոր հրապարակ՝ իրենց բողոքը հայտնելով իշխանությունից: Ցուցարարները հավաքվել էին մայրաքաղաքի Նահատակների հրապարակում՝ պահանջելով Կառավարության հրաժարականն ու բարեփոխումների անցկացում, այնուհետև սկսել են գրոհել նախարարություններն ու այլ կառավարական շենքեր: Բեյրութում մեկնարկած բազմահազարանոց բողոքի ցույցի ժամանակ տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել:

Լիբանանյան բանակը դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով հարձակումներ չգործել հանրային և մասնավոր սեփականության վրա: «Բանակի հրամանատարությունն ըմբռնում է լիբանանցիների սրտում առկա ցավը և ցուցարարներին կոչ անում հավատարիմ մնալ իրենց բողոքն արտահայտելու խաղաղ միջոցներին և զերծ մնալ փողոցներ փակելուց և հանրային ու մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգություն անելուց»,- ասվում է բանակի հայտարարության մեջ:

Նշենք, որ Բեյրութում մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են ԱԳՆ շենքը, որի մոտ ոստիկաններ են հավաքվել և բանակցություններ են վարել ցուցարարների հետ:

ԱԳՆ-ից հետո, Բեյրութում ցուցարարները գրոհում են Լիբանանի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների շենքերը:

Հաղորդվում է, որ ցուցարարները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների և անկարգությունների հետևաքնքով տուժածների թիվը հասել է 230-ի:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Բեյրութում հավաքված ցուցարարներին ուղերձում ճգնաժամից դուրս գալու միակ ելքը համարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական ցույցերի ընթացքում ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 490-ի

Լիբանանի ուժայիններից մի քանի ժամ է պահանջվել մայրաքաղաք Բեյրութի կենտրոնը հազարավոր ցուցարարներից ազատելու համար: Կեսգիշերին մոտ իրավապահներին և զինվորականներին հաջողվել է կենտրոնական Պլաս դե Մարտիր հրապարակն ամբողջությամբ վերահսկողության տակ առնել: Լիբանանի բանակի ստորաբաժանումների և իրավապահների համատեղ ջանքերով հաջողվել է արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների շենքերից հեռացնել այդտեղ ներխուժած ցուցարարներին:

Չնայած ներկա պահին տիրող հարաբերական կայունությանը, հակակառավարական ցույցերի վերսկսման և նոր բախումների հավանականությունը պահպանվում է:

Նյութի աղբյուր՝ aljazeera.com

Այլ Գրառումներ