Բուլղարիայում շաբաթներ շարունակվող հակակառավարական ցույցերի հետևանքով երկրում խորացել են քաղաքական բևեռացումն ու լայնամասշտաբ կոռուպցիայի վերաբերյալ անհանգստությունները։
Օգոստոսի 3-ին հրապարակված սոցհարցման տվյալների համաձայն՝ վարչապետ Բորիսովի «GERB» կենտրոնամետ ուժին աջակցություն են հայտնում հարցվածների 14․5%-ը, մինչդեռ դեկտեմբերին աջակցում էր՝ 21․7%-ը։
Արդեն 4 շաբաթ շարունակ ցույցեր իրականացնելով՝ քաղաքացիները վարչապետ Բորիսովին մեղադրում են երկրում լայնամասշտաբ կոռուպցիայի տարածման համար և պահանջում են նրա հրաժարականը, ով, իր հերթին, հայտարարում է, որ չի պատրաստվում հետքայլ կատարել՝ շեշտելով, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Եվրամիության ամենաաղքատ երկիրը չի կարող «քաոտիկ» քաղաքական իրավիճակում հայտնվել։
Հատկանշական է, որ «Transparency International» հակակոռուպցիոն կազմակերպության կոռուպցիայի ինդեքսի համաձայն՝ ԵՄ-ին միանալուց հետո Բուլղարիան համարվում է միության ամենակոռումպացված անդամը։
