ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզն հայտարարել է, որ նախագահը մտադիր չէ հետաձգել ընտրությունները, և դրանք տեղի կունենան օրենքով սահմանված օրը՝ նոյեմբերի 3-ին։ Միդոուզն ասել է, թե արծարծելով ընտրությունները հետաձգելու թեման` Թրամփն ընդամենը ցանկացել է հանրության ուշադրությունը հրավիրել փոստով քվեարկելու հետ կապված բարդությունների և կեղծիքների հնարավորության վրա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփը առաջարկել էր հետաձգել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները։ Նա թվիվթերի իր միկրոբլոգում գրել էր․ «Համընդհանուր փոստային քվեարկության պատճառով 2020թ․ պատմության մեջ կդառնա ամենաանարժանահավատ ու անազնիվ տարին։ Դա մեծ խայտառակություն կլինի ԱՄՆ-ի համար։ Պետք է հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ կարողանան ճիշտ, ապահով և անվտանգ քվեարկել»։
Ընտրությունները հետաձգելու մասին Թրամփի վերջերս արած մեկնաբանությունը խստորեն քննադատել են և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները:
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերի կարգավորումը Սահմանադրությամբ վերապահվում է միայն Կոնգրեսին:
