Քառօրյա պատերազմից հետո սա առաջին անգամն է, որ տեղի են ունեցել այս մասշտաբի զինված բախումներ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

հեղինակ - admin

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ Ազգային ժողովում պատասխանել է պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի` հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանային ընդհարումների վերաբերյալ հարցին, և տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ է համարել բազմաթիվ առումներով։

Նախ և առաջ, որովհետև, 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմից հետո սա առաջին անգամն է, որ տեղի են ունեցել այս մասշտաբի զինված բախումներ, որոնց ընթացքում եղել է 19 զոհ, ընդ որում, հայերից մեկը սպանվել է երեկ:

Բացի այդ, քանի որ սա առաջին անգամն է, որ ընդհարումներ են եղել ոչ թե Լեռնային Ղարաբաղում շփման գծի վրա, որտեղ դրանք պարբերաբար տեղի են ունենում և որտեղ եղել են 2016թ. ապրիլի պատերազմի բախումները, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին:

Եվ, երրորդ պատճառը, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը, առողջապահական ճգնաժամն է: Այս երկրները, և հատկապես Հայաստանը, խիստ տուժել են, և այդ ճգնաժամի զոհերն են այն բոլոր սոցիալական հետևանքներով, որ կարելի է պատկերացնել:

Ինչպես գիտենք, կա միջնորդական առաքելություն՝ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպության կողմից վստահված Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Համանախագահությունը գործում է, հանդես է եկել անհրաժեշտ նախաձեռնություններով, արդեն 10 օր է, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի, այն գրեթե պահպանվում է այնտեղ այս պահին:

Ամեն դեպքում, Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ամեն ջանք կգործադրի հասնելու բոլոր կողմերի համար կայուն լուծման:

Այլ Գրառումներ