Կորոնավիրուսով պայմանավորված բարդ տնտեսական և առողջապահական վիճակը շարունակում է վնասներ հասցնել որոշ երկրների ավելի մեծ տեմպերով, քան մյուսների դեպքում է:
Չնայած աշխարհի տարբեր երկրներում աստիճանաբար հանվում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, սակայն որոշ երկրներ, կապված կորոնավիրուսի նոր հնարավոր բռնկումների հետ, կրկին անցնում են մեկուսացման ռեժիմի։
Իսպանիայում արտակարգ դրության չեղարկումից մեկ ամիս անց կրկին նկատվում են կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ, ինչի պատճառով Իսպանիայի իշխանությունները երկրի մի շարք տարածքներում վերականգնել են որոշ սահմանափակումներ՝ կանխելու երկրում համավարակի բռնկման հնարավոր երկրորդ ալիքը։ Իսպանիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող 2 քաղաքների ավելի քան 10,000 բնակիչ կրկին անցել են խիստ ինքնամեկուսացման ռեժիմի։
Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաք Մելբուռնում վեցշաբաթյա կարանտին է սահմանվել կորոնավիրուսի նոր բռնկումների կապակցությամբ: Օգոստոսի 5-ից քաղաքում կփակվեն մեծ թվով հիմնարկներ և արտադրություններ։
