Իմ նպատակն է Հայաստանում ստեղծել միջավայր, որ հայ երիտասարդը ստիպված չլինի մեկնել դուրս. ՀՀ նախագահ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST): Հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է հիմնադրամի գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեության ուղղություններով և նախագծերով: Հանրապետության նախագահին ներկայացվել են հիմնադրամի կրթական և գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց մի մասն իրականացվում է արտերկրի առաջատար գիտակրթական կենտրոնների հետ համագործակցաբար: Կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և այլ բնագավառներում իրականացվող իրենց տարբեր հետազոտությունների մասին պատմել են ոչ միայն ծրագրերի մասնակիցները, այլև շահառուները:

Կարևորելով իրականացվող ծրագրերն ու նախագծերը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Մենք տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մեծ ներուժ ունեցող երկիր ենք, բայց լուրջ առաջընթաց և արդյունքներ արձանագրելու համար պետք է հետևողական աշխատանք կատարենք: Մենք երկար ճանապարհի սկզբնամասում ենք»: Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնությանը, որի շրջանակում համագործակցություն է նախատեսվում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ: «Ամենաէականն այն է, որ այդ խոշոր ընկերությունները ներկայացված լինեն Հայաստանում և հետազոտական աշխատանք կատարեն: Նրանցից մի քանիսը նույնիսկ առաջարկում են, որ համագործակցություն լինի ոչ միայն գիտահետազոտական, այլև կրթական ուղղությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Իմ գաղափարը, նպատակը հետևյալն է՝ Հայաստանում ստեղծել միջավայր, որ դուք ստիպված չլինեք նորարարություններին տեղեկանալու համար մեկնել դուրս, այլ դրանք գտնեք այստեղ, կապված լինեք մեր երկրի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուրը՝ factor.am

Այլ Գրառումներ