Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որովհետև միջազգային հանրության կողմից արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, ու լուծման համար կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ակնկալում ենք, որ համանախագահների տարածաշրջան այցը ու հետագա քայլերը հնարավորություն կստեղծեն Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ ու համապարփակ լուծման համար»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի հնարավոր լինի ձևակերպել խաղաղության համապարփակ պայմանագիրը: Նրա խոսքով՝ այդ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ըստ Արմեն Գրիգորյանի, բանակցությունների, քաղաքական գործիքակազմի միջոցով պետք է փորձել լուծումներ գտնել: Նա նկատեց, որ կան բազմաթիվ այլ հարցեր՝ ապաշրջափակում, սահմանազատում, սահմանագծում: Ահա, այդ հարցերի լուծումը գտնելով, խաղաղության պայմանագրի համար կստեղծվեն հիմքեր:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է հիմնախնդրի լուծում գտնել»,-ասաց Արմեն Գրիգորյանը: