«ԱԺ մուտքի մոտ ցույց անողները ցանկանում են մեկնել իրենց բնակության երկիր ՌԴ և չեն կարողանում, որովհետև հիմա էլ մենք՝ փոխելով արտակարգ իրավիճակը, միջազգային բազմաթիվ իրավակարգավորումներով շատ ավելի խիստ՝ կարանտին ձևակերպմամբ լրջագույն խնդիրներ ենք ունենալու սահմանների բացման հետ»։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Որևէ բան չասացիք, ի վերջո, Հայաստանի հետ սահմանները բացվելու են, թե ոչ։ Մարդիկ կորցնում են աշխատանքները, երեխաները դասի պետք է գնան։ Բերվող փաթեթը, ինչպես ասում են՝ «ուզում էինք լավ լինի, ստացվեց ոնց, որ միշտ» ձևով, ավելի շատ խնդիրներ է առաջանալու։ Մարդու իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ կան։ Չի կարող մարզպետը կամ քաղաքապետը սահմանափակել մարդու իրավունքները»,- ասաց Զոհրաբյանը, նաև անդրադարձավ նախագծով առաջարկվող վարչական իրավախախտումների փոփոխություններին, ըստ որի քաղաքացին 11 կետով կարող է տուգանվել։
«Բոլորս միանշանակ համաձայն էինք մեր նախկին գործընկերոջ հետ, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հիմա այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում։ 20,30 մինչև 500 հազար դրամ։ Տուգանքի ամպլիտուդը հսկայական է և թողնված է սուբյեկտիվ որոշումներ կայացնելու վրա»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Նյութի աղբյուրը՝ Փաստինֆո
