ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Պետական եկամուտների կոմիտեն, վերլուծական կարողությունների կատարելագործման շնորհիվ ավելի արդյունավետ է դարձրել չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մինչ հսկողական աշխատանքներ սկսելը հարկային մարմինը նախ համապարփակ ուսումնասիրություններ է կատարում, գնահատում ռիսկերը, ապա ծանուցում տնտեսվարողին: Արդյունքում ստուգումները դառնում են առավել հասցեական:

ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանի խոսքով՝ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում վերլուծական բաժիններում և մոնիտորինգի կենտրոնում` ՀԴՄ-ով, հաշվարկային փաստաթղթերով գործարքների, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրման, եկամտային հարկի ու աշխատողների ձևակերպման մասով։

Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը վերլուծական մեխանիզմներով առանձնացրել է այն տնտեսվարողների ցանկը, որոնք որպես անհատ ձեռնարկատեր, չունենալով գրանցված աշխատող, իրենք են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում, միաժամանակ ամբողջական աշխատաժամանակով այլ գործատուի մոտ աշխատում և վարձատրվում:

Ըստ Կարինե Ներսիսյանի՝ 2021թ. մարտ ամսվա ընթացքում նման ռիսկ ունեցող 770 անհատ ձեռնարկատիրոջ ուղարկվել են ծանուցումներ` առաջարկելով ներկայացնել պարզաբանումներ կամ գրանցել աշխատակիցներին, ինչի արդյունքում 183 անհատ ձեռնարկատերեր արդեն իսկ ապրիլ ամսվա սկզբի դրությամբ գրանցել են շուրջ 200 աշխատողի:

Այսպիսով, ծանուցումներին արձագանքած տնտեսվարողները, չեզոքացնելով ներկայացված ռիսկերը, զերծ են մնացել լրացուցիչ հսկողական միջոցառումներից, խուսափել տուգանքներից, միաժամանակ վերականգնվել են աշխատողների իրավունքները: Իսկ աշխատակիցներին դեռևս չգրանցած 587 անհատ ձեռնարկատերերի գործունեության նկատմամբ  մշտադիտարկումը շարունակվում է և վարքագիծը չփոխած ռիսկային հարկ վճարողների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում, կնախաձեռնվեն ստուգողական միջոցառումներ՝ գնահատված ռիսկերը հաստատելու կամ  հերքելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է ինքնուրույն շտկել ռիսկերը, գործել բացառապես օրենքի դաշտում՝ ամրագրելով օրինապահ հարկ վճարողի վարքագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այլ Գրառումներ