Հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։
Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից ու մտահոգություններից։

Նման որոշում կայացվել է՝ հատկապես հաշվի առնելով հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի սպառնալիքները և Ադրբեջանին սատարող գործողությունները։
ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ ՀՀ տարածքում Թուրքիայի կողմից ցանկացած տեսչական այցի իրականացումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին։
Նշենք, որ «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը» ստորագրվել է 1990 թ․ նոյեմբերի 19-ին, երբ դեռ կային Խորհրդային Միությունն ու Վարշավյան պակտը։ Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան, սակայն Ադրբեջանը և Վրաստանը չեն վավերացրել այն, ինչի պատճառով այն այդպես էլ ուժի մեջ չի մտել։ Սակայն մասնակից երկրները փաստացի հիմնականում կատարում են այդ պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունները։
1992 թվականի հուլիսի 10-ին ընդունվել է Եվրոպայում սովորական զինված ուժերի անձնակազմի թվաքանակի մասին վերջնական ակտը։ 1999 թվականի նոյեմբերի 16-ին Ստամբուլում ստորագրվել է Վիեննայի փաստաթուղթը, որը պարտադիր է բոլոր մասնակիցների համար և վավերականացում չի պահանջում։
Նյութի աղբյուրը՝ razm.info
