Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող կողմն այսօր առարկեց գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի շահերի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությանը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նախ ասաց, որ այն, ինչ ներկայացվեց, վերաբերում էր նախաքննությանը, իսկ նախաքննության ընթացքում գործի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացրել է ինքը, հետեւաբար դատախազ Գեւորգ Բաղդասարյանը որեւէ առնչություն չունի դրա հետ. «Նշվեցին դատավարական գործողություններ, որոնք կարող ենք քննարկման առարկա դարձնել, բայց որոնք կարող են վերաբերել բացառապես ինձ՝ որպես մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի»:
Պետրոսյանի խոսքով՝ այս միջնորդությունը պարունակում էր հակասությունների խումբ. «Նախ, մենք այստեղ ի՞նչ գործ ունենք որպես տուժող, այս արարքների հետեւանքով մենք վնաս չենք կարել, բայց ունենք ինչ-որ պահանջ, երկրորդ՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործով որոշակի պահանջներ ունենք, եւ երրորդ, մենք գործի նյութերը չենք ստացել, չենք ծանոթացել, բայց հաստատապես պնդում ենք, որ սա չկա, նա չկա, եւ այսպիսի խախտումներ»: Դատախազն ասաց, որ այս պարագայում ինչպե՞ս հասկանան՝ կողմը ծանոթացել է գործի նյութերին, թե ոչ, դրանք ունի, թե ոչ, եւ այն, ինչ ներկայացնում են, իրականություն է, թե ոչ. «Օրինակ բերվեց, որ դիմել են քրեական գործի նյութերը ստանալուն, այո, դիմել են, բայց այն փուլում, երբ քրեական գործն արդեն ուղարկված է եղել դատարան, բայց դիմումներն այնքան են կրկնվել, որ էլեկտրոնային եղանակով նրանց տրամադրվել են այդ նյութերը՝ հաշվի առնելով, որ գործը ծավալուն է, եւ դատական քննության փուլում անհարկի խոչընդոտներից խուսափելու համար»:
Պետրոս Պետրոսյանի համոզմամբ՝ չկա նման դեպք, որ տուժողը դիմել է օրենքով սահմանված իրեն հասանելիք որեւէ փաստաթուղթ ստանալու, եւ դա մեղադրանքի կողմից սահմանափակվել է. «Եթե տուժողը եւ նրա ներկայացուցիչը գտնում են, որ այս քրեական գործով անելիք չունեն, պաշտպանության կողմում հանդես գալու փոխարեն կարող են դատարանին միջնորդել, որ իրենց դատավարական լիազորությունները այս քրեական գործով դադարեցվեն»,- ասաց նա:
Դատախազն ընդգծեց, որ վնասի հատուցում իրականացնողը ոչ դատախազությունն է, ոչ ՀՔԾ-ն եւ պնդեց, որ որեւէ խտրական կամ կանխակալ վերաբերմունքի մասին խոսք լինել չի կարող. «Ես չեմ պատրաստվում այս փուլում վեր հանել, թե ինչ վնասներ է նա կրել, դրա վերաբերյալ ինչ է արվել, ընդամենը ասեմ, որ բոլոր այն տուժողները, որ քրեական գործով ունեն տուժողի կարգավիճակ, ստացել է միջին կամ ծանր մարմնական վնասվածք, կամ կյանքից զրկված տուժողների իրավահաջորդները ստացել են իրենց համապատասխան հասանելիք փաստաթղթերը եւ այդ օգնությունից օգտվել են»:
Աղբյուրը՝ armtimes.am
