Հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության իր պաշտոնակից Մանիլո դի Ստեֆանոյի հետ:
Ավետ Ադոնցն իր իտալացի զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը դատապարտեց նաև Թուրքիայի ԱԳՆ կողմից կատարած կողմնակալ և սադրիչ հայտարարությունը:
Մանլիո Դի Ստեֆանոն նշեց, որ Իտալիան մնում է այն տեսակետին, որ նման խնդրիները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով: Մանլիո Դի Ստեֆանոն ընդգծեց, որ Իտալիայի ԱԳ նախարարության կողմից արդեն իսկ տարածված հաղորդագրությունում իտալական կողմը կոչ է արել կողմերին զերծ մնալ լարվածության հետագա աճից, վերադառնալ կառուցողական բանակցային դաշտ և խնդիրը լուծել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Նա հավելեց, որ այս հարցում Հայաստանը կարող է ակնկալել Իտալիայի լիակատար աջակցությունը:
