«Վիտալի Բալասանյանի» Արցախում չեն ընդօրինակելու ՀՀ-ից. «նեղանալու բան չկա»

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի ժխտում՝ Արցախում իրավիճակ է փոխվել, որի տնօրինողն այլևս ինքն է, ուստի առաջիկայի անելիքներն էլ ներկայացնում է ինքը։ Անելիքները շատ են, բայց Բալասանյանը վստահ է՝ ամեն ինչ հաղթահարելու են ու դրա կարևորագույն նախապայմանը իր բռնապետական կարգուկանոնին հետևելն է՝  չխմել, թմրանյութեր չօգտագործել, հարել միայն Առաքելական եկեղեցուն, աշխատել, իսկ ով չի հետևի այս պայմաններին, պետք է լքի Արցախը։

Նաև «մատ թափ տվեց» դեռևս ԱՀ նախագահ համարվող Արայիկ Հարությունյանի վրա. միայն հրաժարականը բավարար չէ, «ով մեղավոր է, պետք է պատասխան տա», ոչ թե հանգիստ գնա իր տուն։ Փաստորեն Արայիկ Հարությունյանի հայտնի ուղերձը, որում նախագահը, մեղմ ասած՝ «քցեց» Նիկոլ Փաշինյանին՝  ակնարկելով, որ պատերազմը կարող էին ավելի շուտ դադարեցնել, պատասխանատվությունից չազատեց նրան, ավելին՝ նոր հարցեր առաջ քաշեց։

Ըստ Բալասանյանի՝ Արցախում նորանշանակ նախարարներն էլ դեռ իր սրի տակով չեն անցել և հավատարմության երդում չեն տվել, ուստի հիմնականում ժամանակավոր են։ Վիտալի Բալասանյանը շեշտեց՝ չի ընդօրինակելու Հայաստանի Հանրապետությունից՝ «նեղանալու բան չկա», իսկ պատերազմը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության հետևանք էր։ Ի դեպ՝ Արցախի հերոսը մի քանի անգամ խորին շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը՝ ի դեմս Պուտինի, որ պատերազմական առաջին իսկ օրերից փորձում էր ռազմական գործողությունները դադարեցնել։

«Շնորհակալություն եմ հայտնում այն կոնտինգենտին, որ այժմ գտնվում են ԱՀ տարածքում։ Մենք համագործակցում ենք հավասարը հավասարի հետ․․․ի դեմս գեներալ – լեյտենանտ Ռուստամ Մուրադովի մենք համագործակցում ենք, պատասխանատուն ես եմ»,- ընդգծեց Բալասանյանը։

Շատ կարևոր նրբություն՝ երբ հակառակորդը, խախտելով եռակողմ համաձայնագիրը, գրավեց Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը՝ կամավորների մի մասին սպանելով, մյուս մասին գերեվարելով, Բալասանյանը արդեն Անվտանգության խորհրդի քարտուղարն էր և, ըստ էության՝ արդեն «պատասխանատուն», բայց թարսի պես այդ օրերին Հայաստանում էր և հանդես չեկավ պատշաճ բացատրությամբ։ Թեև, որպես Արցախի պաշտոնական ներկայացուցիչ, խոսեց Դավիթ Բաբայանը, որ հայտարարեց՝ պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել ադրբեջանական «պրովոկացիայի» շուրջ։

«Իմ խնդրանքն է ամբողջ ժողովրդին՝ արագ սկսենք ապրել որպես ղարաբաղցի։ Կարճ ասած՝ որպես ղարաբաղցի։ Ղարաբաղցին ուժեղ ա, հրամանատար ա, ուսուցիչ ա, աշխատավոր ա…», — խոսքը ամփոփեց Վիտալի Բալասանյանը։

Փաստորեն՝ հայաստանցի-ղարաբաղցի օր օրի թափ առնող շահարկումը  վերևից եկող դիսկուրս է, ընդ որում ասվածից եզրակացնում ենք՝ հայաստանցիները զիջում են իրենց կարողունակություններով, քանի որ ղարաբաղցին «ուժեղ ա», «հրամանատար ա» ու ավելի «ճկուն»։

Այլ Գրառումներ