Որպես հասարակություն և անհատապես պետք է անենք մեզանից կախված առավելագույնը աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների շուրջ համախմբվելու համար

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջին օրերին հանրային-քաղաքական օրագակրգի մաս են դարձել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեցեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երկփեղկված հայ հանրության տրամադրությունները եկեղեցու և հոգևորականության նկատմամբ։ Հարցն ինքնին շատ զգայուն է, առավելևս, երբ քննարկվում է մեր ժողովրդի համար ճակատագրական այս ժամանակաշրջանում։

Մեր ժողովրդին և պետությանը պատուհասած արհավիրքին դիմակայելու համար մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնականություն ու համախմբվածություն, միասնականություն առաջին հերթին պետության, բայց նաև եկեղեցու, հանրային ու պետական կյանքի բոլոր կարևոր ինստիտուտների շուրջ։

Հատկապես այս օրերին անթույլատրելի է հանրային պառակտվածությունն ու երկփեղկվածությունը խորացնող որևէ դրսևորում, կրկնում եմ, անկախ այն հանգամանքից, դա ծնող պատճառները հիմնավոր են, թե ոչ։

ՍԵՐ, ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԵԿՑԱՆՔ, ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ․․․ այս և մարդկային ամենավեհ այլ արժեքները այսօր պահանջված ու անհրաժեշտ են ամենայնից առաջ ու ամենայնից վեր։

Հանրային ու պետական կյանքը պառակտող բոլոր բանավեճերն ու քննարկումները, որոնք գոյության իրավունք ունեն, կարող են և պետք է ծավալվեն այս համազգային ու համապետական ճգնաժամի հաղթահարումից հետո, ավելի լավ ու ավելի նորոգ ժամանակներում։ Իսկ մինչև այդ մենք՝ որպես հասարակություն և անհատապես պետք է անենք մեզանից կախված առավելագույնը աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների շուրջ համախմբվելու, համազգային համերաշխություն ու միասնականություն ցուցաբերելու համար։

Սա չափազանց կարևոր է 2020թ․ տարեմուտի այս օրերին՝ մեր նորանկախ պետության 30-ամյակին ընդառաջ, որը հավուր պատշաճի նշելու համար պետք է լինենք միակամ ու միահամուռ՝ պետությամբ, Հայաստանյայց սուրբ եկեղեցով ու հասարակությամբ՝ ի պետս Հայաստանի Հանրապետության, ի պետս աշխարհասփյուռ հայ ժողովրդի և ի հիշատակ Հայաստանի և Արցախ աշխարհի գոյության համար իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր հայորդիների։

Այլ Գրառումներ