ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության զինանշանի լրամշակման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի փոփոխությունը, ինչպես նաև աշխատանքային խումբը փորձագետներով համալրելու հարցեր:
Հասկանալու համար, թե ինչո՞ւ է փոխվում ՀՀ զինանշանը, դիմեցինք ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանին: NewArmenia.am-ի հարցին, թե ինչո՞վ է զինանշանի փոփոխությունը հրատապ, և ինչպիսի՞ փոփոխության կարիք կա, փոխնախարարը պատասխանեց. «Մենք ոչ թե փոփոխում ենք զինանշանը, այլ որոշակի լրամշակում ենք առկա զինանշանը, որովհետև առկա զինանշանը՝ Կոջոյան-Թամանյան, ըստ էության, ավարտված չէ: Կարծես էսքիզային մի բան լինի, որը 100 տարվա պատմություն ունի, 100 տարի առաջ դա պիտի արված լիներ, որը չի արվել: Գոնե հիմա այդ լրամշակումը պետք է արվի»:
Ըստ փոխնախարարի՝ ոչ մի գլոբալ փոփոխություն զինանշանում չի արվում. «Պարզապես արվում են ինչ-ինչ խմբագրումներ և սրբագրումներ»:
Հստակեցմանը, թե որքանո՞վ է դա հրատապ, փոխնախարարն ասաց. «Ընդհանրապես, զինանշանները սիմվոլիկաներ են, իսկ սիմվոլներն իրենց մեջ շատ մեծ խորհուրդներ ունեն: Այդ խորհուրդների մեջ նաև թաքնագրական խորհուրդներ կան, որոնք շատ ստույգ պետք է լինեն, և դրանց ազդեցությունը, ինչպես մասնագետներն ասում են, մեծ է ժողովուրդների, պետությունների ճակատագրերի վրա: Պետք է ունենալ մեր ինքությանը և ապագային չվնասող սիմվոլիկաներ»:
Ի վերջո, կոնկրետ ի՞նչն է լրամշակվելու գերբում հարցին ի պատասխան փոխնախարարը հստակեցրեց. «Զինանշանի կենդանիների երախների հարցը, օրինակի համար, էնտեղ շղթա կա, որի հարցը պետք է լուծել, էնտեղ կան ճանկեր, որոնց հարցերը պետք է լուծել»:
Առաջիկա տարվա սկզբին մրցույթ է հայտարարվելու: Ըստ փոխնախարարի՝ «դրան մասնակցող նկարիչները պետք է ծանոթանան, թե ճիրանը կամ ատամը, կամ գույնը ինչ նշանակություն ունի»: Այս սիմվոլների նանակությունները ԿԳՄՍ-ն կդնի կայքում:
Հավելենք, որ ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 18-ի N 1508-Ա որոշմամբ:
