Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը

հեղինակ - David Khalatyan

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի Զինված ուժերի վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին, ինչպես նշում է Մայր Աթոռը, հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։

«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության համամարդկային ընկալումներին», — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, ասված է հայտարարությունում։

Մայր Աթոռը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում։

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում տեղ գտնող իրադարձությունները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքի հանդեպ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղության վերականգնման և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող բազմակողմանի ջանքերը», — ասված է հայտարարությունում։

Այլ Գրառումներ