Հայաստանը ողջունում է Թուրքիայի վերաբերյալ զեկույցում Եվրախորհրդարանի հնչեցրած կոչերը

հեղինակ - David Khalatyan

Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։

«Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն», — հայտարարել է Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարը:

Աննա Աղաջանյանը հարկ է համարում շեշտել, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևում խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

«Ուշագրավ է, որ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է անում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում: ԵՄ-ին ու անդամ երկրներին նաև կոչ է արվում ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար», — ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Թուրքիայի վերաբերյալ զեկույցը Եվրախորհրդարանն ընդունել է մայիսի 19-ին, պաշտոնական Անկարան դատապարտել է այն:

Այլ Գրառումներ