Ծեծկռտուք հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև Խոզնավարի հատվածում, հարուցվել է քրգործ

հեղինակ - David Khalatyan

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության՝ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են Հայաստանի տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած Հայաստանի զինված ուժերի զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո Հայաստանի ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Սակայն, ինչպես ասվում է հաղորդագրությունում, նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության․ հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող Հայաստանի զինված ուժերի մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի [Պետական սահմանն ապօրինի հատելը] երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի [Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը] 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով:

Այլ Գրառումներ