Ադրբեջանը որևէ ձևով չի հանդարտվի, եթե տեսնի, որ այս դեպքը մենք ու ՀԱՊԿ-ը հանդուրժել ենք. Մարուքյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցող զարգացումներին։

Նրա խոսքով, Հայաստանն ունի 540 կմ նոր սահման, որը ոչ բոլոր տեղերում է կահավորված, և ոչ բոլոր տեղերում կան զորքեր։

«Կարծում եմ՝ եթե Ադրբեջանը բանակցությունների արդյունքում չզիջի, ապա հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի կիրառել իր ձեռքի տակ եղած գործիքները՝ այդ թվում և ուժ։ Բայց և այնպես, կարծում եմ, որ այս պահին բանակցություններ վարելը ճիշտ է, որովհետև պետք է բոլոր միջոցները կիրառել նոր անցնել ուժի կիրառմանը։ Բացի այդ, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը ետ կքաշվի։ Կարծում եմ՝ շատ ճիշտ քայլ էր նաև ՀԱՊԿ-ին դիմելը, քանի որ անկախ պետության սահմանում հասունանում է էսկալացիա»,- կարծիք հայտնեց նա։

Պատգամավորը նշեց, որ պառլամենտական բոլոր լծակներն օգտագործվում են, և խորհրդարանական բոլոր բարեկամական խմբերն իրազեկված են, թե ինչ է կատարվում ՀՀ սահմաններին։  Ըստ նրա, հենց այդ աշխատանքի արդյունք է նաև այն, որ մի շարք միջազգային կառույցներ արդեն արձագանքել են սահմանին տիրող իրավիճակին։

«Սա, ըստ էության դիվերսիոն ներթափանցում է, և մենք պետք է շարունակենք այս իմաստով աշխատանք տանել միջազգային հարթակներում՝ Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելով։ Եթե չէ, ապա հայկական կողմը չպետք է որևէ ձևով հանդուրժի, ու պետք է միջոցներ ձեռք առնի, որովհետև Ադրբեջանը որևէ ձևով չի հանդարտվի, եթե տեսնի, որ այս դեպքը մենք ու ՀԱՊԿ-ը հանդուրժել ենք։ Հետևաբար, բոլորի գործողությունները պետք է լինեն միանշանակ ու աներկբա»,- նկատեց նա։

Ըստ Էդմոն Մարուքյանի, այն քարտեզները, որոնք հիմք են հանդիսացել սահմանազատման համար, դրանցով էլ Սև լճի մոտ 80 տոկոսը Հայաստանի տարածքում է։

«Սա այն դեպքը չէ։ Եթե մենք հիմա տեղի տանք, ապա ադրբեջանցիները կարող են անընդհատ ինչ-որ քարտեզներ տպել և բերել, ասել՝ տեսեք՝ այս քարտեզներով սա էլ է մերը, նա էլ։ Եվ ասեմ, սահմանի վրա բազմաթիվ տեղերում Ադրբեջանը զորք չունի և մենք էլ կարող ենք գնալ ու կանգնել այդ տեղերում։ Բայց երբ հայկական կողմն իրեն պահում է միջազգային իրավունքին համահունչ, դա չպետք է դառնա Ադրբեջանի կողմից նոր սադրանքների առարկա։ Ավելին, ես չեմ ասում, որ նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթով հստակ նշված է, որ զորքերը որտեղ կանգնած են, այնտեղ մնում են։ Հիմա դրանից հետո ադրբեջանական զորքերն անընդհատ շարժվում են դեպի Հայաստանի սահմանին մոտ տարածքներ, բուֆերային գոտիներ։ Այս իմաստով էլ նոյեմբերի 9-ի հայտարարությունն անընդհատ ոտնահարվում է Ադրբեջանի կողմից»,- նշեց ԼՀԿ ղեկավարը։

Այլ Գրառումներ