ԱԺ փոխնախագահն և Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Կողմերը կարեւորել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ, եւ խաղաղություն կհաստատվի: Բուլղարիայի դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ հույս հայտնելով, որ երկխոսությունը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

Վահե Էնֆիաջյանը բարձրացրել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգեւոր կոթողների պահպանության հարցը: Նա այս առումով կարեւորել է միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքը եւ գործուն քայլերը: Դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրներն արդարացի լուծում կստանան:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա հատկապես ընդգծել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում:

Զրուցակիցները փաստել են գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, տրանսպորտի ոլորտներում համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը՝ փաստելով, որ չօգտագործված մեծ ներուժ կա: 

Այլ Գրառումներ