Ովքե՞ր պետք է մեզ ընտրեն․ ովքեր չեն ուզում, որ Փաշինյանը վերընտրվի և նախկինները վերադառնան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱԺ կայքում հրապարակվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցազրույցը առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ։

Հարցուպատասխանը՝ ստորև․

-7-րդ գումարման Ազգային ժողովն ավարտում է աշխատանքը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է այն հիշվելու:

-Այո, խորհրդարանի արձակման գործընթացը, ըստ էության, մեկնարկել է: Այս խորհրդարանը հիշելու ենք նրանով, որ այն աշխատել է և շուտով արձակվելու է ոչ սովորական պայմաններում: Հեղափոխությունից հետո արձակվեց 6-րդ գումարման խորհրդարանը: Այսօր երկիրը գտնվում է ցնցումների և տուրբուլենտ մի պրոցեսի մեջ՝ հետպատերազմյան շրջանով ու քաղաքական ճգնաժամով պայմանավորված, և խորհրդարանը կրկին արձակման շեմին է: Այս խորհրդարանը հիշվելու է որպես հերթական արձակված խորհրդարան, հիշվելու է որպես հերթական գրավված խորհրդարան, որի դարպասներից նույնպես ներս է մտել ժողովուրդը: Եվ ամենակարևորը՝ այս խորհրդարանը հիշվելու է նրանով, որ իշխող ուժի ներկայացուցիչները հարձակվել են ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա և խուլիգանական քաշքշոց ու կռիվ սարքել Ազգային ժողովի դահլիճում: Այս խորհրդարանը պետք է շատ հիշվի, որպեսզի այլևս երբեք ժողովուրդը ազգակործան պատուհասներ խորհրդարան չբերի: Այս խորհրդարանի մյուս ուղերձն էլ, կարծում եմ, այն է, որ մարդուն թիկունքից հարվածողները այլևս երբեք հայ քաղաքական դաշտում չպետք է տեղ ունենան: Այս խորհրդարանը հիշվելու է նաև այսպես՝ թիկունքից խփողների խորհրդարան:

-Այս խորհրդարանն աչքի ընկավ, հատկապես, միմյանց նկատմամբ խորը անհանդուրժողականությամբ, ատելության խոսքով: Դուք ամեն ինչ արե՞լ եք, որ նման իրավիճակ չլիներ:

-Այո, այս խորհրդարանը աչքի է ընկել նաև անհանդուրժողականությամբ: Ինչո՞ւ: Որովհետև 20 տարի հետո առաջին անգամ իշխանություն էր ձևավորվել, որն ուներ ժողովրդի վստահությունը: Եվ դա մարդկանց տվեց ուժ, որ իրենք լինեն ամբարտավան, անհանդուրժող, որ կարծեն, թե իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ամեն ինչ հասկանում են:

Եվ քանի որ ժողովրդի 73 տոկոսի վստահությանն են արժանացել, կարող են վիրավորանքով, հայհոյախոսությամբ, ատելություն պարունակող բառամթերքով դիմել գործընկերներին ու խոսել խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի հետ:

Մինչդեռ այդ նույն մարդիկ թշնամու ներկայացուցիչների առաջ կուչ են գալիս, չեն համարձակվում պաշտոնական մակարդակում որևէ հայտարարության արձագանքել:

Երկրի ներսում գոռգոռացող, հայերի դեմ հոխորտացող, թուրքերի դեմ կուչ եկող իշխանության խորհրդարան էր այս խորհրդարանը: Սա մեծ սխալ էր, որը, կարծում եմ, այս ընտրություններով պետք է շտկվի:

-Ընտրական օրենսգիրքը, այնուհետև՝ ընտրություններին առնչվող քրեական օրենսդրությունը փոխվեց առանց Ձեր խմբակցության մասնակցության: Բոյկոտո՞ւմ էիք, քաղաքական անհամաձայնությո՞ւն հայտնում:

-Ընտրական օրենսգիրքը փոխվեց առանց ընդդիմադիր ուժերի համաձայնության և, բնականաբար, եթե համաձայնություն չկա, չի կարող լինել նաև կողմ քվեարկություն կամ աջակցություն ընդամենը դակիչ մի պրոցեսի, որը հակասահմանադրական է: Սա ես ասում եմ վստահ, որովհետև սանկցիաները խստացնող հատվածները իրավական որոշակիությունից զուրկ են: Դրանք իրավակիրառ պրակտիկայում խնդիր են առաջացնելու:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն, դա արվում է, որովհետև առաջացել էր իրենց նշած ուսապարկերի խնդիրը, նրանք չէին կարողանալու տարածքներում մարդկանց աչքերին նայել: Շոգեքարշի պես, զուտ առաջին համարի հաշվին, փորձելու են նորից շատ ձայներ տանել: Քաղաքական դաշտ նոր դեմքեր բերելու ճանապարհը, որը ռեյտինգային ընտրակարգն էր, ըստ էության, փոխեցին: Այսինքն՝ այդ համակարգով ուղղակի պատգամավոր ընտրելու իրավունքից զրկեցին մեր ժողովրդին: Վաղ, թե ուշ՝ դա հետ է փոխվելու, որովհետև ներմուծված պարզ համամասնական համակարգը չի փոխվելու: Ընտրությունը ցույց կտա: Բայց արեցին այն, ինչ արեցին, հետևաբար եթե չկա համաձայնություն, եթե չկա կոնսենսուս, ինչպե՞ս էիք պատկերացնում ընդդիմության մասնակցությունը այդ պրոցեսին:

Ձեր մի ելույթում Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխանության մյուս ներկայացուցիչներին առաջարկեցիք մի կողմ քաշվել ու թույլ տալ, որ դուք հեռացնեք այս իշխանությանը: Ձեզ չլսեցին, ավելին, հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ևս մասնակցելու է ընտրություններին: Ինչո՞ւ այսպես ստացվեց, ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

-Ես հիմա էլ պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը և ձայներ հավաքելը կախված է միայն ու միայն նախկին իշխանության ակտիվությունից: Չկա նախկին իշխանության ակտիվություն, չի կարող լինել Նիկոլ Փաշինյանի ռեյտինգ: Բուռն ու մեծ արձագանքով նախկին իշխանությունը պատրաստվում է այս պրոցեսին: Մինչ այդ ասում էին՝ ով այս պրոցեսին մասնակցի, դավաճան է, սա է, այն է, բացառում ենք Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցությունը: Այդ ուժերը հիմա հերթով հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին: Սա միայն օգուտ է ու աջակցություն Նիկոլ Փաշինյանին: Նախկիններն ամեն ինչ անելու են, որ նա վերընտրվի: Այս մասին ես Ազգային ժողովի ամբիոնից զգուշացրել եմ, և եթե հունիսի 20-ի տվյալներով Փաշինյանը լինի առաջին տեղում, իմացեք՝ ովքեր են մեղավորները, ովքեր են Նիկոլ Փաշինյանին վերարտադրողները: Դրա մեղավորը նախկին իշխանությունն է, որի դեմ պայքարով նա նորից առավելագույն ձայները հավաքելու շանս է ստանում: Կվերընտրվի՞, թե՞ ոչ, կխոսենք հունիսի 21-ին:

-Բոլորը կանխատեսում են, որ ընտրական պայքարը լինելու է Նիկոլ Փաշինյանի ու Քոչարյանի միջև. ինչու՞ պետք է ընտրողը ձեր քաղաքական ուժին ձայն տա:

-Բոլորը, այո, կանխատեսում են, թե, իբր, երկբևեռ ընտրություններ են լինելու: Այդպես է փաթեթավորվում ամբողջ մեդիայում, որովհետև, այսպես թե այնպես, մեդիան գտնվում է նախկին և գործող իշխանության տիրապետության տակ: Ուրեմն, ովքե՞ր պետք է մեզ ընտրեն: Ովքեր չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի և չեն ուզում, որ նախկին իշխանությունը վերադառնա, նրանք մեր ընտրողներն են: Ինչո՞ւ, որովհետև այն բոլոր ռեֆորմները, որոնք խոստացել են հեղափոխությունից հետո, բայց չեն արել, մենք անելու ենք: Այն խստությունն ու կարգուկանոնը, որն անհրաժեշտ է երկրում, մենք բերելու ենք:

Մեզ ընտրելու են սկզբունքայնության համար, որը պահել ենք ու չենք տատանվել, չնայած երկու կողմի հարվածներին: Ընտրելու են մեր դասական քաղաքական վարքագծի համար, որը դրսևորել ենք: Մեզ ընտրելու են, որովհետև չենք հայհոյել մեր ընդդիմախոսներին, չենք կեղծել փաստերը, առանց փաստի՝ մարդկանց դավաճան, թուրքի ծնունդ, վիժվածք չենք ասել: Մեզ ընտրելու են, որովհետև մարդիկ ընտրում են ապագան, և ոչ թե մութ անցյալը և դժգույն ներկան: Մութ անցյալն ու դժգույն ներկան մերժելու համար պետք է ընտրել լուսավոր ապագան:

Այլ Գրառումներ