Խաչատուրովի չներկայանալը Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովին մեր հիմնական բացթողումն է. Անդրանիկ Քոչարյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Խաչատուրովի չներկայանալը Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովին մեր հիմնական բացթողումն է. Անդրանիկ Քոչարյան
Բացի մեկ մարդուց՝ 2016-ին ԳՇ պետ Յուրի Խաչատուրովից, մնացած ոչ մի անձ, որը հրավիրվել է հանձնաժողովի նիստին, չի մերժել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Շատ բաներ ենք լսել, բայց այն, ինչ պետք է լսեինք Խաչատուրովից, որ ամբողջացնեին «փազլը», չեն լսել»,-ասաց Քոչարյանը:

Հարցին, թե Խաչատուրովի՝ հանձնաժողովի նիստին չներկայանալով ի՞նչ հարցի պատասխան չեն ստացել՝ Քոչարյանը պատասխանեց. «Ինչ է խոսել Մոսկվայում»:

Նա վստահեցրեց, որ ծանոթացել են իրենց հետաքրքրող գրեթե բոլոր փաստաթղթերին, լսել են՝ ում ցանկացել են: «Մեկ հոգու չգալը համարում եմ մեր աշխատանքի հիմնական բացթողումը: Ես ամեն ինչ արեցի, որ Գլխավոր շտաբի նախկին պետը գար, բայց նա չեկավ, այդ չգալու մեջ կա առեղծված»,-նշեց հանձնաժողովի նախագահը:
Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում չեն փորձել դավադիրներ գտնել: «Մենք մեկ տարի փորձել ենք հասկանալ 2016-ի մեր ձախողումների խորքային պատճառները, ոչ թե մակերեսային՝ վառելիք այդ պահին կար, թե ոչ, սնունդը պակաս էր, թե ոչ: Պատերազմի ժամանակ պակասություններ անպայման լինում են: Ուրիշ բան է՝ կառավարման մեջ մեր բացթողումներն անշրջելի հետևանք ունեցել են, թե ոչ»,-ասաց նա ու վստահեցրեց, որ պարզել են:

Անդրադառնալով հարցին՝ ի վերջո հայկական կողմը Ապրիլյան պատերազմում հաղթե՞լ, թե՞ պարտվել է՝ Քոչարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասում է, որ հաղթել է Ալիևին: Բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում, և դա հօգուտ Ադրբեջանի: Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ գործողություններ է իրականացրել, պահել է այդ դիրքերի առավելությունները»:

Այլ Գրառումներ