Սահմանադրության 158–րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարության հրաժարականից հետո, Կառավարության անդամները շարունակում են իրենց պաշտոնավարումը մինչեւ նոր Կառավարության ձեւավորումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն՝ անդրադառնալով տեսակետներին, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Եթե վարչապետը չի ցանկանում այդ լիազորությունները կատարել, դա իր ընտրությունն է։ 2018–ի իրավիճակում՝ չգիտեմ, թե ինչու է այդպիսի որոշում կայացվել, բայց դա կախված է տվյալ անձից։ Եթե Սահմանադրությունը թույլ տալիս է նման հնարավորություն՝ մնալ ժամանակավոր պաշտոնակատար, ապա կարող է եւ մնալ, բայց որեւէ վարչապետ կարող է եւ հրաժարվել նույնիսկ ժամանակավոր պաշտոնավարումից։ Դա անձի հայեցողության խնդիրն է»,– ասաց Արման Եղոյանը։
Հիշեցնենք՝ 2018թ.–ի ապրիլի 23–ին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, վարչապետի պաշտոնակատարը փոխվարչապետ Կարեն Կարապետյանն էր։ 2018թ.–ի հոկտեմբերի 16–ին, երբ հրաժարական տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ԱԺ–ն արձակվի եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանն էր։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացմանը, Արման Եղոյանն ասաց, որ ավելի ուշ իշխանությունները կհայտարարեն՝ ընտրություններին միայնակ կամ դաշինքով մասնակցելու վերաբերյալ։ Եղոյանը, սակայն չշտապեց գնահատել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հնարավորությունները։
Ինչ վերաբերում է հարցին, թ երբ կսկսվեն ընտրական ցուցակների շուրջ աշխատանքները եւ ցուցակում փոփոխություններըին, իմքայլականը նախ ասաց, որ ժամկետ նշել չի կարող, ապա հավելեց.
«Այդ հարցերը այսօրվա պատասխանելու հարցեր չեն, այլ ընտրություններին ավելի մոտ ժամանակ պատասխանելու հարցեր են»։
