Հայաստանն ապրում է իր հերթական ծանր շրջափուլը։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի քանի տեսակի ճգնաժամեր, որոնցից ամենացցունը քաղաքականն է։ Քաղաքական ճգնաժամով է պայմանավորված կյանքի մյուս ոլորտների հեղհեղուկ վիճակը։ Ելքեր, կարծես, չեն նկատվում, կամ նկատելի ելքը հիմնական դերակատարների համար ընդունելի չէ։
Իսկ հիմնական դերակատարներ են իշխանությունը՝ գործող վարչապետի գլխավորությամբ և ակամա ընդդիմությունը՝ 16-ը կամ 17-ը, մի խոսքով՝ էական չէ։
Ինչո՞ւ ակամա։ Թվում էր, թե ցանկացած ողջախոհ երկրում հասարակության լայն զանգվածների կողմից մերժված, հեղափոխությամբ հեռացված, մինչև ատամները կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ թաթախված նախկին իշխանությունները ոչ միայն որևէ քաղաքական հայտ չէին կարող ներկայացնել, այլ նաև դժվարությամբ պետք է մարդամեջ դուրս գային։ Սակայն սա Հայաստանն է։ Այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտությունը վերակենդանացրեց շատերին։ Ակամա ընդդիմությունը հաշվարկեց կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը և սխալվեց։
Առաջին փորձի ձախողումից հետո ակամա ընդդիմությունը դիմեց հաջորդ փորձին՝ փողոցային պայքարի մեթոդին և պետական համակարգի կազմաքանդմանը։ Հենց այստեղ է, որ ընդդիմությունը սխալվեց։ Փաշինյանը չունի այն դասական իշխանությունը, որի շուրջ կառուցված են մեր պատկերացումները։ Նա, ըստ էության, չունի իշխանություն պետական համակարգում։ Դա նախորդ իշխանությունների օրոք էր, երբ պետական համակարգը և քաղաքական իշխանությունը միահյուսված էին, իսկ քաղաքական իշխանությունից առաջնային երեք-չորս դեմքի դուրս գալը կնշանակեր իշխանական բուրգի կազմաքանդում։
Այստեղ աշխատում է այլ փիլիսոփայություն, ինչը չի հաշվարկել ակամա ընդդիմությունը։ Փաշինյանը, ունենալով քաղաքական թիմ, չունի քաղաքական լծակներ կամ «իր մարդիկ» ուժային կարևորագույն կենտրոններում։ Գլխավոր շտաբի վերջին հայտարարությունները դրա վառ ապացույցն են։ Ավելին, նույն այդ հայտարարությունները հիմնավորում են պնդումները, որ Փաշինյանի իշխանությունը դասական ձևի չէ։
Փաշինյանը նեղ քաղաքական թիմից չունի մարդ, օրինակ, ԱԱԾ-ում։ Իսկ ԱԱԾ նախկին պետի «խոհեմ ընդդիմադիր երևակվելն» առավել քան խոսուն է։ Չունի մարդիկ բանակում, չունի մարդիկ ԱԳՆ-ում։ Օրինակ, նրա կառավարության Արտաքին գործերի նախկին նախարարը, որն այդ պաշտոնը զբաղեցրեց 2.5 տարի, չգիտեր խաղաղություն և բանակցություն բառերը։ Օրինակները բազմաթիվ են։
Ակամա ընդդիմությունը դատողությունները, այդ թվում՝ պայքարի մարտավարությունը կառուցում է իր պատկերացումների շրջանակներում։ Իսկ նրանց պատկերացումները խմբային-կլանային են՝ բրգաձև իշխանական մոդելով, որտեղ բրգի յուրաքանչյուր քարի, օղակի դուրս մղումը վտանգում է բուրգի կայունությունը։
Ընդդիմությունը սխալվում է նաև՝ պայքարը փողոցում շարունակելով։ Ինչպես ցույց տվեցին նախորդող գործընթացները, նրանք չեն կարողանում հավաքել նույնիսկ այն կրիտիկական զանգվածը, որպեսզի բավարարեն Մանուկյանի՝ շենքեր գրավելու պատանեկան երազանքը։ Իսկ նման ցանկացած քայլ ոչ այլ ինչ է, քան պետականակործան արկածախնդրություն։
newarmenia.am
