«Քաղաքացու որոշում» արտախորհրդարանական կուսակցությունը Հայաստանում ստեղծված ճգնաժամից ելքը բանակցությունների միջոցով է տեսնում: Հակադիր կողմերը պետք է նստեն մեկ սեղանի շուրջ, ասում է կուսակցության ղեկավար-անդամ Սուրեն Սահակյանը՝ այսօր Երևանի Մաշտոցի պուրակում հրավիրված հավաքի ընթացքում:
«Մի կողմ դնեն իրենց ամբիցիաներն ու մանկության երազանքները և մտածեն, թե ինչպես են լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու առաջացած մարտահրավերները, դրա լուծումն ինչպես են գտնելու: Երեք ամիս շարունակ իրենք ինչով ասես զբաղվել են բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը սպասարկելուց», — ասաց կուսակցության ղեկավար-անդամը:

Սահակյանի համոզմամբ՝ ոչ ոք շահագրգռված չէ լուծումներ փնտրելով. «Ամեն մեկն իր ամբիցիան է առաջ տանում, ամեն մեկը վերմակն ուզում է իր վրա քաշի և ստեղծված իրավիճակից իր համար ավելի մեծ դիվիդենտներ քաղի»:
Հայաստանում քաղաքական առաջնորդությունը ձախողվել է. երեք ամիս շարունակ լուծում չի եղել, ասում է՝ կուսակցության ղեկավար-անդամը և հիշեցնում՝ առաջարկվել է արտահերթ ընտրություններ անցկացնել, որի օրակարգը հենց իշխանությունների կողմից չեղարկվել է՝ անորոշության մեջ թողնելով և՛ քաղաքական ուժերին, և՛ քաղաքացիներին, ինչի հետևանքները, Սահակյանի գնահատմամբ, դրսևորվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունում:
«Ընդ որում ոչ միայն չեղարկվել է այդ օրակարգը, այսինքն՝ սահմանադրական ճանապարհով խնդիրը լուծելու ճանապարհները, այլ ծայրահեղ ոչ ադեկվատ վարք է դրսևորվել, երբ որ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալին պաշտոնից ազատման հրաման է արձակվել ճշմարտությունն ասելու համար, և դա, իհարկե, ասում եմ էլի, կարող է քաղաքական որոշ ուժեր իրենց մեջ ուժ չգտնեն փողոց դուրս գալ՝ ճշմարտությունը բարձրաձայնելու, կարող է քաղաքացիներից շատերը դիմանան այս իրավիճակին, բայց կարող է մեկը ում ձեռքը այսօր ուժ կա և ինքը զգում է այդ ուժը, վեր կենա և ասի՝ բավակ է այսպես ապրել ու աշխատել», — ասաց Սուրեն Սահակյանը:
