Այսօր Մատենադարանի դիմաց հավաք էր հրավիրել նաև «Ազգային ժողովրդական բևեռը», որի անդամ է նաև «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավարներից Ժիրայիր Սեֆիլյանը։ Նա հայտարարեց՝ «Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությամբ ազատ, ժողովրդավարական գործընթաց է մեկնարկել»:
«Փաշինյանի այս դեպքում արդեն բռնատիրական բևեռը, երբ հակակշռող ուժ չի լինում, սանձարձակ գործում են, ինչպես տեսնում էինք նախորդ ամիսներին նրանց վայրագությունները մեր նկատմամբ, ժողովրդի նկատմամբ առաջնահերթորեն, սակայն, երբ հավասարակշռում են ուժը ուժով, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հիմա կարգին ժողովրդավարական երկրում ենք արդեն ի հեճուկս Փաշինյանի», — հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյանն ասում է՝ «բանակի ճիշտ դիրքավորման շնորհիվ իրենց նման ուժերին հնարավորություն է ընձեռնվել երևալու ժողովրդի առաջ», իսկ նախկինում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի խոսքով՝ խոչընդոտվել է ազգային ուժի ներկայությունը ցույց տալն ու ճեղքում անելը. «Մենք «Ազգային ժողովրդավարական բևեռով» խնդիր չունենք սահմանափակվել միայն այս թիմով և մեր շուրջ համախմբված, մեզ հավատացող բազմաթիվ հայ մարդկանցով, այլ խնդիր ենք դրել ընդլայնվելու և վերջապես այդ ազգային բևեռը ձևավորելու, որ կարողանանք հասնել ազգային պետության ստեղծմանը»:

«Սասնա Ծռեր»-ի մեկ այլ անդամ Գարեգին Չուգասզյանն էլ քաղաքացիներին հարց է ուղղում՝ արդյոք ստեղծված լարվածությունը արտերկրից չի՞ հրահրվում՝ հայտարարելով՝ կա երրորդ՝ կայունության տանող բևեռ. «Այսօր մենք համոզվելու խնդիր ունենք, որ առանց, ժողովուրդ, ձեր մասնակցության, թե դուք հիմա չմասնակցեք ձեր քաղաքական ապագայի ձևավորմանը, ապա ձեր փոխարեն դա կձևավորեն և ձեզ կպարտադրեն դա: Այսօր հազվագյուտ պահ է առաջացել իսկապես երկրում, երբ որ երկիշխանության վիճակ է, երկու բևեռ գոյություն ունի և ժողովրդավարություն ստեղծելու լավագույն հնարավորությունը կա»:
Չուգասզյանի վստահեցմամբ՝ ներքին անվտանգության խնդիրն է պետք լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն. «Գոյություն ունեցող բևեռները մի սեղանի շուրջ նստեն և կարողանան գալ համաձայնության: Այն արտաքին վտանգը, որը ակնհայտ է մեր երկրի համար, դրան սպառնալու և քանդելու համար հոգեբանական պատերազմ է մղվում, որ մենք ներսում չհավատանք, որ մենք արժանի ժողովուրդ ենք պետականություն ունենալու»:
